Դպրոցականներն Սպիտակ տան մոտ բողոքի ակցիա են կազմակերպել Ֆլորիդայում հրաձգության կապակցությամբ
Կոլումբիայի մայրաքաղաքային օկրուգի բարձրդասարանցիները փետրվարի 19-ին բողոքի ակցիա են կազմակերպել Սպիտակ տան մոտ՝ ԱՄՆ-ի նախագահից եւ Կոնգրեսից պահանջելով երկրում զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողության խստացման իրական քայլեր ձեռնարկել։
Տասնյոթ աշակերտներ, հենց այդքան մարդ է զոհվել փետրվարի 14-ին Փարքլենդի (Ֆլորիդայի նահանգ) «Մարջորի Սթոունմեն Դուգլաս» դպրոցում կատարված սպանդի հետեւանքով, պառկել են վարչակազմի ղեկավարի նստավայրի գլխավոր մուտքի դիմացի մետաղե ցանկապատի մերձակա ճանապարհին: Ավելի ուշ նրանց են սկսել միանալ այլ դեռահասներ:
Նրանց շուրջը հավաքված ավելի քան 100 դպրոցականներ ու մեծահասակներ վանկարկել են. «Խայտառակություն ձեզ, խայտառակություն ձեզ»՝ նկատի ունենալով Դոնալդ Թրամփին, հանրապետական օրենսդիրներին եւ Հրաձիգների ազգային ասոցիացիան (ՀԱԱ), որը երկրում զենքի շահապաշտպանության գլխավոր կազմակերպական կառույցն է: Մարտի 24-ին պլանավորված է դպրոցականների երթեր Վաշինգտոնում եւ ԱՄՆ-ի այլ քաղաքներում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: