Երևանի քաղաքապետարանը գնալով վերածվում է կալանավայրի՝ «զոնի». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը գնալով վերածվում է կալանավայրի՝ «զոնի»:
Երեկ պարզվեց՝ քաղաքապետարանում գնալով առանձնակի տարածում է գտնում թղթախաղը. համենայն դեպս, ԵԾ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողական տեսախցիկների ներկայությամբ բացահայտել է, թե ինչպես են քաղաքապետարանի աշխատասենյակներից մեկում բլոտ խաղում:
Ու քանի որ ե՛ւ ծեծկռտուքի, ե՛ւ այդ թղթախաղի մասին վկայող տեսագրությունները հանրության սեփականությունը դարձան լրագրողների «մեղքով», հիմա քաղաքապետարանում ամեն կերպ փորձելու են սահմանափակել լրատվամիջոցների մուտքը եւ գործունեությունն իրենց մոտ` նպատակ ունենալով խոչընդոտել ԶԼՄ-ներին:
Այլ կերպ ասած` Տարոն Մարգարյանն իր ՀՀԿ-ական ոհմակին զսպելու փոխարեն, ընդհակառակը, պայքարում է լրագրողների դեմ, որոնք ի ցույց դրեցին ոհմակի հանցագործությունները:
Այս գործին լծվել է նաեւ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը, որն ավագանու չարաբաստիկ նիստում առաջինը նետվեց՝ ԵԾ անդամների «դեմն առնելուն», խոչընդոտեց մի քանի լրագրողների աշխատանքը, իսկ երեկ էլ խոչընդոտել է «Ազատություն» ռ/կ-ի լրագրողի հարցազրույցը Զարուհի Փոստանջյանի հետ` հորինելով զանազան պատրվակներ, վերածվելով քաղաքապետի արտահաստիքային պաշտպանի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: