
Ամերիկյան շան կերի մեջ էվթանազիայի համար կիրառվող բաղադրիչ են գտել

ԱՄՆ-ում շան կերի մեջ գտել են պենտոբարբիտալ, որն օգտագործվում է էվթանազիայի ժամանակ: Այդ մասին հաղորդվում է Սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչության կայքում:
Գերատեսչությունը նշում է, որ J. M. Smucker ընկերության մի շարք մթերքներում հայտնաբերել են պենտոբարբիտալ: Այս առնչությամբ ընկերությունը հետ է կանչել 2016 թվականից արտադրված ամբողջ արտադրանքը: J. M. Smucker-ն սկսել է սեփական հետաքննությունը եւ հայտարարել, որ արդեն գտել է շան կերի մեջ քիմիկատի հայտնվելու պատճառը: Ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ պենտոբարբիտալը կերի մեջ է հայտնվել մատակարարներից մեկի արտադրության առանձնահատկությունների պատճառով:
Պենտոբարբիտալն անասնաբուժության մեջ օգտագործվում է որպես հանգստացնող, անեսթեզիկ կամ էվթանազիայի համար միջոց: Նաեւ ԱՄՆ-ի մի շարք նահանգներում այդ նյութը կիրառում են որպես մահացու ներարկում մահապատժի դապապարտվածների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: