Ավազակային հարձակում Երևանում. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի աշխատակցի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով՝ փետրվարի 19-ին՝ ժամը 15։35-ի սահմաններում, զինված երկու անձ մուտք է գործել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի թիվ 4 մասնաճյուղ և աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով՝ ավազակային հարձակմամբ, հափշտակել առանձնապես խոշոր չափի գումար։ Պատճառված վնասի չափը հստակեցվում է. ըստ նախնական հաշվարկների՝ հափշտակվել է շուրջ 8,5 մլն դրամի տարբեր արտարժույթի գումար։
Դեպի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ստեղծվել քննչական խումբ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել մասնաճյուղի տարածքում գործող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։
Նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրենք ավելի ուշ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե