Բաժիններ՝

Ֆրանսիայում հիմնված «Հայրենասերներ» կուսակցությունը հանդես է գալիս ԵՄ-ից դուրս գալու օգտին

Ֆրանսիայում հիմնված «Հայրենասերներ» նոր կուսակցությունը մտադիր է Եվրամիությունից Ֆրանսիայի դուրս գալու (Frexit) քաղաքականություն վարել:

Այդ մասին փետրվարի 19-ին Sud Radio ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է կուսակցության հիմնադիր եւ նախագահ Ֆլորիան Ֆիլիպոն՝ ամփոփելով փետրվարի 18-ին կայացած հիմնադիր համագումարի արդյունքները: «Մենք հանդես ենք գալիս ԵՄ-ից դուրս գալու օգտին, որպեսզի վերականգնենք մեր ազգային անկախությունը եւ գործենք ի շահ տնտեսության, բնապահպանության եւ ժողովրդավարության»,-ասել է Ֆիլիպոն, որը մտնում է Եվրախորհրդարանի կազմի մեջ:

Նա նշել է, որ նոր կուսակցության գաղափարախոսության հիմքում «ինքնիշխանության եւ ազգային անկախության պաշտպանությունն է, հավատարմությունն այն սկզբունքներին, որոնք ամրագրել է Ֆրանսիայի պատմական ղեկավար Շառլ դե Գոլը»:

Ֆիլիպոն հայտնել է, որ «Հայրենասերների»՝ Արասում (Պա-դե-Կալեի դեպարտամենտ) անցկացված համագումարին մասնակցել է ավելի քան 600 պատվիրակ: «Նիստերում տիրում էր հիանալի մթնոլորտ, մենք լավ աշխատեցինք, այդ թվում՝ Միացյալ Թագավորության անկախության կուսակցությունից (UKIP) մեր բրիտանացի բարեկամների հետ»,-ասել է Ֆիլիպոն: Համագումարում, նշել է նա, ընդունվել են նոր կազմակերպության կանոնադրությունը եւ այլ փաստաթղթեր:

«Հայրենասերները» հանդես են գալիս նաեւ Ֆրանսիայի նոր ազգային արժույթ ստեղծելու, ազգային սահմաններում սահմանապահ եւ մաքսային հսկողության ուժեղացման, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության բնագավառում հանրապետության ինքնուրույն ուղեգծի ձեւավորման օգտին: «Հայրենասերներ» կուսակցությունը ձեւավորվել է 2017 թվականի մայիսին՝ որպես քաղաքական ասոցիացիա: Ֆիլիպոյի պնդմամբ, դրա ստեղծման պատճառներից մեկը դարձել է «Ազգային ճակատից» այն քաղաքական գործիչների դուրս գալը, որոնք համաձայն չԷին ղեկավարության քաղաքականության հետ:

Ֆիլիպոն, որն ավելի վաղ զբաղեցնում էր «Ազգային ճակատի» առաջին փոխնախագահի պաշտոնը, պարզաբանել է, որ նման որոշման իրեն դրդել է կուսակցության պարտությունը 2017 թվականի գարնանը կայացած նախագահական ընտրություններում:

Ընտրություններում կրած անհաջողության պատճառներից մեկը նա համարում է «կուսակցության թեկնածու Մարին լե Պենի հրաժարվելը Եվրամիությունից Ֆրանսիայի դուրս գալու եւ ազգային արժույթին վերադառնալու պահանջներից»: Ներկայում «Հայրենասերներ» կուսակցությունը, նրա տվյալների համաձայն, հաշվում է շուրջ 7 հազար ակտիվիստ: Քաղաքական վերլուծաբանները չեն բացառում, որ նոր կուսակցության հայտնվելը կարող է զգալիորեն թուլացնել «Ազգային ճակատը»:

Մասնավորապես, դա կարող է հանգեցնել այն բանին, որ նրա շարքերը կլքի աջ գոլականների (Շառլ դե Գոլի հետեւորդների) ու կենտրոնամետների մի մասը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս