«Եթե Արմեն Սարգսյանը դառնա նախագահ, մեր երկիրը շատ կշահի». Լևոն Մկրտչյան
«Ես Արմեն Սարգսյանի հետ տարիների մտերմություն, համագործակցության փորձ ունեմ, և վստահ եմ, որ, եթե նա դառնա ՀՀ նախագահ, մեր երկիրը շատ կշահի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը՝ խոսելով ՀՀԿ-ի առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին։
Ըստ Մկրտչյանի՝ Արմեն Սարգսյանն ունի երկրի ապագայի զարգացման ամբողջական տեսլական. «Ես մասնակցել եմ ՀՅԴ-ի հետ հանդիպմանը, այդտեղ նույնպես խոսել ենք կրթության մասին։ Մենք եկել ենք մի որակական աստիճանի վրա, երբ պետք է արդեն ձևն ամբողջությամբ լցվի բովանդակությամբ։ Աշխարհում կրթական համակարգը որոնումների մեջ է, և այստեղ է, որ պարոն Սարգսյանը կարող է օգտակար լինել իր քեմբրիջյան փորձով։ Այն մասնագիտությունները, որ հիմա ուսուցանվում են աշխարհում, առաջիկա 7 տարվա ընթացքում նրանց մեծ մասը կարող է գոյություն չունենալ։ Սա ենթադրում է արմատական փոփոխություն կրթական մոտեցումների մեջ»։
Նրա խոսքով՝ հարկավոր են պայմաններ, լաբորատոր սարքավորումներ. «Բայց կրթությունը միայն գիտելիք չէ, կրությունը գիտելիք է՝ գումարած մի շատ կարևոր բան, որը մենք անվանում ենք դաստիարակություն։ Եվ բարձրագույն կրթությունը ևս միայն գիտելիք չէ։ Հայաստանի բարձրագույն կրթական որակի և բնագիտության վերադարձի, կառավարման խնդիրն է հիմնականում նկատել Արմեն Սարգսյանը»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում