«Հայկական կողմը գնացել է բավականին զիջումների Արցախի հարցում. այլևս տալու ոչինչ չունենք». Գառնիկ Իսագուլյան

«Մենք այլևս չունենք ազատագրված տարածք, ունենք Արցախի Հանրապետություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Նա նշեց, որ ուրախ է, որ այդ հարցերին նորովի է վերաբերվում նաև ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը. «ՀՀ-ում չկա որևէ մեկը, որ ցանկություն ունենա, որ ստորագրի որևէ փաստաթուղթ ի վնաս Հայաստանի կամ Արցախի»:

Գ. Իսագուլյանի խոսքով՝ ՀՀ-ն մի քանի անգամ արդեն գնացել է բավականին մեծ զիջումների. «Այդ զիջումների արդյունքում համարժեք պատասխան չի եղել Ադրբեջանի կողմից: Ա՛յ, եթե այդ զիջումների դիմաց Ադրբեջանն էլ կգնա զիջումների, դրանից հետո կխոսենք այլ խնդիրների մասին: Խոսքս 1994 թվականի զինադադարի պայմանագրի ստորագրումն էր, երբ մենք իսկապես կարող էինք հասնել մինչև այնտեղ, որտեղ պետք էր, խոսքս այն մասին է, որ Հայաստանը համաձայնեց, որ Արցախի փոխարեն՝ ինքն է վարելու բանակցություններ, և նման բազմաթիվ զիջումներ, որ Հայաստանն արել է: Դա հանգեցրեց նրան, որ Ալիևը հիմա խոսում է Երևանի մասին՝ որպես ադրբեջանցիների պատմական հայրենիք»:

Հարցին՝ փոխզիջում ասելով՝ ի՞նչ եք հասկանում, Գ. Իսագուլյանն այսպես պատասխանեց. «Փոխզիջումը Հայաստանն արդեն արել է, նշեցի արդեն ինչ զիջումների է գնացել միակողմանի, դրանց համարժեք զիջումներ մենք դեռ Ադրբեջանի կողմից չենք տեսել»:

Մեր ճշտող հարցին էլ՝ հայկական կողմն այլևս որևէ զիջման չի՞ գնալու, Գ. Իսագուլյանը հորդորեց չանհանգստանալ. «Դուք ձեր մեջ ֆիքսեք, որ մենք որևէ մեկին որևէ բան տալու չունենք: Ամեն անգամ երբ խոսվում է՝ «էս ա հողեր են տալիս, Արմեն Սարգսյանին բերել են դրա համար» և այլն, դա առաջացնում է շատ վատ հետևանքներ Արցախում»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս