«Ինձ անարգել են, գողացել են իմ երեխայի հացը». Սերգեյ Դանիելյանը դատի է տվել ԴԱՀԿ-ին

«Քանի որ ես միշտ եղել եմ շատ իշխանամետ քաղաքացի, մեր իշխանությանն ուզում եմ տեղյակ պահել, որ շատ լավ գործ եմ արել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց դերասան Սերգեյ Դանիելյանը՝ ընդգծելով, որ գող է բռնել։

Դանիելյանը դատի է տվել ԴԱՀԿ-ին. «ԴԱՀԿ-ի այլանդակություններից մեր նախագահն ու վարչապետը, իհարկե, տեղյակ չեն, դրա համար որոշեցի իրենց օգնել։ ԴԱՀԿ-ն ինձնից փող է գողացել՝ մոտ 30 հազար դրամ, ես դիմեցի մեր արդար դատարանին, գիտեի, որ ճշմարտությունը կհաղթի, և դատարանն ի օգուտ ինձ որոշում կայացրեց. ես շահեցի և գողից իմ փողը հետ վերցրի։ Հիմա գողը ԴԱՀԿ-ի պե՞տն է, թե՞ աշխատակիցները, չգիտեմ։ Եթե ԴԱՀԿ-ի պետն ուղղակի ոչ կոմպետենտ է և չգիտի, որ իր աշխատակիցները գող են, ուրեմն՝ նրան պետք է գործից հանել։ Եթե գիտի, որ իր աշխատակիցները գող են, հետները կիսվում է և այդ գումարը դնում իր գրպանը, ապա նրան ոչ թե պետք է գործից հանել, այլ երևի բանտ նստեցնել»։

«Գողին բռնեցինք, լավ է, բայց խնդիրն այն է, որ ես՝ որպես քաղաքացի, չեմ մուծում որևէ տուգանք, բանկային հաշիվ, ինձ սարսափելիորեն պատժում են։ Ես մոտ 10 տարի Լոս Անջելեսում մեքենա ունեմ, այնտեղ էլ եմ վարում, երբեք չեմ տուգանվել, 83 տարեկան մայրս երբեք այնտեղ չի տուգանվել, և բավական է մտնել Հայաստան՝ դու միանգամից տուգանվում ես։ Երևի ես վատ քշող եմ Հայաստանում։ Եթե ես տուգանք չեմ մուծում, ինձ պատժում են, իսկ եթե որևէ պետական մարմին ասում է, որ սխալմամբ է փողս գողացել, ես նրանց անգամ կտտցնելու կամ ականջը կծելու իրավունք չունեմ, և որպես քաղաքացի՝ նեղվում եմ։ Ինձ անարգել են, գողացել են իմ երեխայի հացը, և խնդրում եմ մեր նախագահին ու վարչապետին, որ, եթե անգամ օրենք չեն ընդունում այդ աշխատակիցներին պատժելու մասին, գոնե մեզ կտտցնելու և բլդուղ անելու հնարավորություն տան»։

Դանիելյանի փաստաբան Տիգրան Սարգսյանն ասաց, որ դիմել են Վարչական դատարան՝ իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու հայցով, հայցն ամբողջությամբ բավարարվել է. «Իմ վստահորդը որևէ խախտում թույլ չի տվել, 4 ակտ է իրեն եկել, 4-ն էլ ճանաչվել է անվավեր։ Այդ անհեթեթ ակտերը դատարանի վճռով ճանաչվել են անվավեր։ 16 հազար դրամ պետական տուրք նրանք մուծեցին պետբյուջե, ապօրինի ճանապարհով ձեռք բերված միջոցներն իմ վստահորդն իրավասու է անվանել «գողոն», և դրանք վերադարձրին մեր վստահորդին։ ԴԱՀԿ-ի մասով շատ գործեր կան. 3 հազարից ավելի գործ կա դատարանում։ Մարդիկ թող չվախենան դիմել դատարան։ Փաստաբանի ծառայությունները կամ անվճար են, կամ շատ մատչելի»։

Կարդացեք նաև

Ասուլիսի բանախոս լրագրող Արման Սուլեյմանյանն էլ նշեց, որ Սերգեյ Դանիելյանի գործով ԴԱՀԿ-ն վերադարձրել է 36 հազար դրամ, 25 հազար դրամ կազմում է փաստաբանի ծառայությունները.

«16 հազար դրամ էլ ԴԱՀԿ-ն է պետտուրք մուծում։ Երբ Դանիելյանը նրանց ասում է, որ սխալվել են, կարող են խնդիրը տեղում լուծել, գործը չհասնի դատարան, բայց այդ մարդիկ ոնց որ երդում կերած լինեն, որ ցանկացած գումար, մինչև վերջին դատական ատյանը ծախսեն՝ անկախ նրանից, որ հիմարություն են անում։ Այս խնդիրը պետք է լուծվի։ Քաղաքացիները պետք է հասկանան, որ վարչապետը, կառավարությունն իրենց տուգանքներով երբեք չեն զբաղվելու։ Այս հանցավոր շղթայի դեմը հնարավոր է առնել, եթե դիմում եք համապատասխան փաստաբանների, փորձում եք հասկանալ օրենքը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս