«Արցախի ղեկավար կազմի բոլոր անդամների կողմից հորդոր կար, որ Արմեն Սարգսյանն ընդունի Սերժ Սարգսյանի առաջարկը». Գառնիկ Իսագուլյան

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի համար Արմեն Սարգսյանը ՀՀ 4-րդ նախագահի լավագույն թեկնածուն է:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գ. Իսագուլյանը նշեց, որ իր համար լուրջ անակնկալ է եղել, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջադրեց Արմեն Սարգսյանի թեկնածությունը. «Սերժ Սարգսյանին հատուկ է բավականին հեռահար նպատակներ և ծրագրեր հաշվարկել և նախատեսել, որոնք հետագայում կարողանում է շատ լավ իրականացնել: Արմեն Սարգսյանին ճանաչում եմ 1977 թվականից, երբ ընդունվեցի Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, ինքն արդեն այդ ֆակուլտետում դասավանդում էր: Պատիվ եմ ունեցել լինել Արմեն Սարգսյանի ուսանողը, այնպես որ՝ մենք իրար գիտենք 1977 թվականից»:

Գ. Իսագուլյանը նշեց, որ Ա. Սարգսյանի՝ Արցախ կատարած այցի ընթացքում ինքը եղել է Արցախում ու առիթ է ունեցել հանդիպել ու զրուցել նրա հետ: Ավելին, իրար հետ են վերադարձել Հայաստան. «Արմեն Սարգսյանը հրաշալի տիրապետում էր բոլոր այն խնդիրներին, որ առկա են Արցախում՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին: Նույնը կարելի է ասել նրա իմացությանը Հայաստանի թե՛ ներքին, թե՛ արտաքին խնդիրների վերաբերյալ: Արցախի ղեկավար կազմի բոլոր անդամների կողմից հորդոր կար, որ նա ընդունի Սերժ Սարգսյանի առաջարկը և մասնակցի նախագահական ընտրություններին»:

Դիտարկմանը, թե կա տեսակետ, որ Ա. Սարգսյանը հայաստանյան իրականությունից բավականին կտրված է՝ Գ. Իսագուլյանն այսպես արձագանքեց. «Դա նշանակում է՝ ամենևին չճանաչել Ա. Սարգսյանին»:

Ըստ Գ. Իսագուլյանի՝ Ա. Սարգսյանի ընտրության հետ կապված խնդիրներ չեն լինի: Հարցին՝ «Ելքի» նախագահի թեկնածու Արտակ Զեյնալյանի մասին ի՞նչ կարող եք ասել, Գ. Իսագուլյանն այսպես պատասխանեց. «Արտակ Զեյնալյանն իմ լավ ընկերներից է, ես նրա դեմ որևէ բան չեմ կարող ասել, բայց ինձ համար նախընտրելին Արմեն Սարգսյանն է»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս