Շահերի համադրմամբ հասնել առաջընթացի. միջազգային ԶԼՄ-ների անդրադարձը ՀՀ Նախագահի մյունխենյան ելույթին

Մյունխենի անվտանգության համաժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն ու դրա ընթացքում արված շեշտադրումները հայտնվել են միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Օտարերկրյա ԶԼՄ-ներն արձանագրել են, որ Հայաստանը հանդես է եկել, որպես տարբեր ինտեգրացիոն գործընթացները հաջող կերպով միավորող, Արևմուտքի և Ռուսաստանի միջև համագործակցությանը նպաստող հաջողված օրինակ:

Գերմանական Deutsche Welle-ն լայնածավալ հոդվածով անդրադարձել է այն իրադրությանը, որում Սառը պատերազմին հաջորդած ժամանակաշրջանում հայտնվել են Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրները: «Կոմունիզմի ու 1990-ականներին Խորհրդային միության անկումն ակնթարթային փոփոխություն էր ենթադրում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համար: Երկու տարածաշրջաններում էլ երկրները Մոսկվայի և Բրյուսելի միջև հայտնվել էին անորոշ վիճակում»,- գրում է լրատվամիջոցը՝ նշելով, սակայն, որ Մյունխենի անվտանգության համաժողովում կազմակերպված քննարկման ժամանակ որոշ բանախոսներ բավականին լավատես էին ոչ միայն երկու տարածաշրջանների միջև հայտնված երկրների, այլև հենց Ռուսաստանի և Եվրամիության համար:

«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասաց՝ իր երկիրը սովորել է, որ «աշխարհաքաղաքական մրցակցությունները ոչ մի լավ բանի չեն բերում»՝ նշելով, որ միայն այլ երկրների հետ «շահերի համադրմամբ» հնարավոր է հասնել առաջընթացի:

Սարգսյանի խոսքով՝ խնդիրը երկու քաղաքական ուժերի միջև գտնվելը չէր: Դա փորձ էր գտնելու այնպիսի ոլորտներ, որտեղ Հայաստանի շահերը կհամընկնեին Ռուսաստանի և Եվրամիության շահերի հետ: «Միայն համագործակցության միջոցով է հնարավոր դիմակայել ժամանակի մարտահրավերներին»,- մեջբերելով ՀՀ Նախագահի խոսքը գրել է գերմանական լրատվամիջոցը:

Ռուսական TASS-ը շեշտադրել է Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ համատեղ ջանքերը խաղաղության և անվտանգության համար համագործակցության ստացված օրինակ են:

«Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված ջանքերը կարող են օրինակ ծառայել, թե ինչպես Ռուսաստանը, ԵՄ-ը և ԱՄՆ-ը կարող են դրականորեն համադրել իրենց դիրքորոշումները՝ հանուն միջազգային խաղաղության ու անվտանգության։ Մեր ցանկությունն է, որ նման ընդհանրություններն առավել հաճախ դրսևորվեն»,- մեջբերել է Սերժ Սարգսյանի խոսքերը ռուսական լրատվամիջոցը:

TASS-ն անդրադարձել է նաև հակամարտության կարգավորման գործընթացում Ադրբեջանի դիրքորոշմանը, որը ՀՀ Նախագահն անվանել է «Հելսինկիի ոգու աղաղակող ոտնահարում»: Այն հիշատակել է նաև «Երևանը պատմական ադրբեջանական տարածք» անվանելու մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության վերաբերյալ Սերժ Սարգսյանի նկատառումը, որտեղ նա ասել էր. «Զառանցանք է, իհարկե, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ»:

«Ազատություն» ռադիոկայանը հատուկ ուշադրություն է հրավիրել հարցուպատասխանի ժամանակ Ադրբեջանի դեսպանության քարտուղարի հարցին և դրան ՀՀ Նախագահի տված սպառիչ պատասխաններին: Լրատվամիջոցն արձանագրել է, որ ադրբեջանցու հարցն ընդհատվեց քննարկումը վարող «Եվրասիա խմբի» նախագահ և հիմնադիր Յան Բրեմերի կողմից՝ թույլ տալով Սարգսյանին պատասխանել հնչեցված հարցին:

ՀՀ Նախագահը խորհուրդ էր տվել ադրբեջանական կողմին «հրաժարվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ոչ իրատեսական ակնկալիքներից»: «Դուք ուզում եք ազատ ապրել, Դուք ուզում եք ապրել Ղարաբաղում: Հավատացեք, որ ղարաբաղցիներն էլ են ուզում ազատ ապրել և ուզում են, որպեսզի իրենք ապրեն իրենց պատմական հողի վրա»,- մեջբերել է նրա խոսքերը «Ազատությունը»-ը:

Լրատվամիջոցը նշել է նաև, որ Սերժ Սարգսյանը պաշտպանել է ԼՂ բնակչության՝ քաղաքակիրթ ձևով հանրաքվե իրականացնելու իրավունքը՝ հավելելով, որ ոչ ոք «չի կարող կոտրել հայ ժողովրդի կամքը»:

Տեսանյութեր

Լրահոս