Հայաստանի և Իրանի արտգործնախարարները Մյունխենում մի շարք հարցեր են քննարկել

Փետրվարի 18-ին Մյունխենում ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Էդվարդ Նալբանդյանն ու Մոհամմադ Զարիֆը գոհունակությամբ նշել են, որ երկու երկրների արտգործնախարարների միջև հանդիպումները Երևանում ու Թեհրանում և միջազգային հարթակներում կրում են հաճախակի բնույթ, ինչը թույլ է տալիս հետևել երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, նախանշել փոխգործակցության նոր ծրագրեր։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակի, ենթակառուցվածքային նախագծերին առնչվող հարցերի: Այս համատեքստում զրուցակիցները բարձր են գնահատել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի հերթական համատեղ նիստը նախատեսված է գումարել մոտ օրերս Երևանում:

Նախարարները քննարկել են միջազգային հարթակներում փոխգործակցության հարցեր:

Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս