Ե՞րբ «Ծառուկյան» խմբակցությունը կհստակեցնի իր դիրքորոշումն Արմեն Սարգսյանի թեկնածության վերաբերյալ. պարզաբանում է Նաիրա Զոհրաբյանը

Ինչպես հայտնի է, Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը՝ առաջադրվել՝ որպես ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու: Ազգային ժողովի 4 կուսակցություններից 3-ի՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Ելքի» դիրքորոշումները հայտնի են Ա. Սարգսյանի թեկնածության վերաբերյալ: Նրանցից միայն «Ելքն» է դեմ քվեարկելու Ա. Սարգսյանի թեկնածությանը: Հայտնի չէ միայն «Ծառուկյան» խմբակցության դիրքորոշումը:

168.am-ը խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց, թե մոտավորապես ե՞րբ իրենք կհստակեցնեն իրենց մոտեցումն այս հարցի առնչությամբ: Ի պատասխան՝ Ն. Զոհրաբյանն ասաց. «Կհստակեցնենք այն ժամանակ, երբ պարոն Ծառուկյանը խմբակցության նիստ կհրավիրի: Այս պահին խմբակցության նիստ մենք չունենք, թե ե՞րբ կլինի, ես չեմ կարող ասել: Վստահ եղեք, որ մեր դիրքորոշումը մինչև քվեարկության օրը կհրապարակվի»:

Մեր ճշտող հարցին՝ առաջիկայում չե՞ք նախատեսում նիստ հրավիրել, Ն. Զոհրաբյանը պատասխանեց, որ այսօր ու վաղը հաստատ չեն անի. «Երկուշաբթի կլինի՞, թե՞ ոչ, այդ հարցին չեմ կարող պատասխանել: Այս պահին նիստի վերաբերյալ որևէ տեղեկատվություն մեզ հայտնի չէ»:

Տեսանյութեր

Լրահոս