Արցախյան շարժման առաջամարտիկները հանդիպել են զինվորականների հետ

Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ԱՀ պաշտանության բանակին առընթեր կանանց խորհրդի նախաձեռնությամբ երեկ Արցախյան շարժման մի խումբ առաջամարտիկներ հանդիպել են ՊԲ զինծառայողների և Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմական վարժարանի սաների հետ:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ պաշտանության բանակին առընթեր կանանց խորհրդի անդամ Մարգարիտա Թառանյանը:

«Փետրվարի 20-ին կատարվածը կարևոր և նշանակալից իրադարձություն է ոչ միայն Արցախի, այլև ողջ հայության համար: Արցախում չկա մի հայ, ով մասնակցություն բերած չլինի Արցախյան շարժմանը: Անգամ 1988 թվականի դեկտեմբերին Սպիտակի ավերիչ երկրաշարժը չթուլացրեց մեր կամքը. մենք ավելի ենք ամրացել և դարձել ավելի նպատակասլաց»,- ըստ էության նշել է Մ. Թառանյանը:

Հանդիպմանն Արցախյան շարժման առաջամարտիկներ Համլետ Գրիգորյանը, Վարդգես Բաղրյանը, Լյուդմիլա Գրիգորյանը ներկաներին պատմել են շարժման մասին, կիսվել հիշողություններով, խոսել ձեռքբերումների և պատերազմից քաղած դասերի մասին:

Հ. Գրիգորյանը զինովորներին հորդորել է անառիկ պահել հայրենիքի սահմանները, ապրել ու արարել հայրենիքում:

«Մենք ունենք մի հայրենիք. դա Հայաստանն է: Արցախը և ողջ հայությունը պիտի միավորվի մայր Հայաստանին»,-մասնավորապես ասել է Հ. Գրիգորյանը:

Վ. Բաղրյանն էլ, խոսելով Արցախյան շարժման սկզբնավորման մասին, նշել է, որ իր խորին համոզմամբ՝ այն սկսվել է 1921 թվականին, երբ Արցախը բռնակցվել է Ադրբեջան կոչվող պետությանը:

«Այդ տարիներին երբեմն-երբեմն Արցախում բռնկումներ են եղել: Մինչև 1988 թվականը շարժումն ունեցել է մակընթացություններ և տեղատվություններ, պարզապես 1988 թվականին շարժումը վեր է ածվել ազգային-ազատագրական պայքարի՝ կրելով համաժողովրդական բնույթ,-ավելացրել է Վ. Բաղրյանը և հավելել,- մեր այս հանդիպումը մեծ խորհուրդ ունի. մենք ևս հայրենյաց պաշտպանների հետ ենք: Ապրիլյան պատերազմը ևս ապացուցեց, որ հայրենիքի պաշտպանությունը հուսալի ձեռքերում է»:

Իսկ Արցախյան շարժման ակտիվիստ Լյուդմիլա Գրիգորյանն էլ իր խոսքում նշել է.«Ինչպես շատ ընտանիքներ, այնպես էլ իմն Արցախյան պայքարում թանկ կորուստներ ենք տվել: Բայց հպարտ ենք, որ հաղթել ենք և ունենք ազատագրված հայրենիք, անկախ պետականություն: Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի մեր երկիրն ավելի շենանա ու բարգավաճի»:

Միջոցառնմանը Շուշիի ազատագրման ռազմաօպերացիայի ժամանակ հերոսաբար զոհված տանկիստ Օլեգ Փիրումյանի կինը երգահան Իրինա Փիրումյանը զինվորականների համար հանդես է եկել իր հեղինակային «Վերադարձիր» երգով. այն գրվել է Արցախյան շարժման առաջին իսկ օրերին:

Այնուհետև ցուցադրվել է Վարդգես Բաղրյանի «1988 թվականի արձագանքները» փաստավավերագրական ֆիլմը, որտեղ ներկայացված է Արցախյան շարժման իրական դեպքերն ու իրադարձությունները:

Հանդիպման վերջում զինվորականների և Արցախյան շարժման առաջամարտիկների միջև կայացել է անմիջական զրույց:

Տեսանյութեր

Լրահոս