ԱՄՆ կոնգրեսը հետևողական է լինելու Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում
Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային հեղինակավոր կազմակերպությունները ԱՄՆ վարչակազմին և կոնգրեսի անդամներին կոչ են արել պաշտպանել Ադրբեջանում ձերբակալված լրագրողներին և մյուս քաղբանտարկյալներին: Ադրբեջանի քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչը հնչել է ԱՄՆ կոնգրեսի «Ազատությունների նախագծի» շրջանակներում:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության Վաշինգտոնի թղթակիցը:
Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների ներկայացուցիչները նշել են, որ 2014թ-ից սկսած Ադրբեջանի իշխանությունները լայնածավալ ճնշումներ են իրականացնում քաղաքացիական հասարակության նկատմամբ:
«Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների թիվը հասել է 160-ի: Նրանց մեջ են ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովը, երիտասարդ ընդդիմադիր ակտիվիստ Իլքին Ռուստամզադեն և լրագրող Սեյմուր Հազին: Նրանք արդեն մի քանի տարի է բանտարկության մեջ են: Նրանցից երիտասարդ ընդդիմադիր ակտիվիստներ Բայրամ Մամեդովը, Գիյաս Իբրահիմով և լրագրող Աֆղան Մուխտարլին էլ ձերբակալվել են վերջերս»,- նշել է Freedom Now կազմակերպության Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Մելինա Միլատսոն:
«Մենք ԱՄՆ կոնգրեսի կողմից կտրուկ արձագանք ուղղեցինք Ադրբեջանի կառավարությանը: Օրինակ 2017 թ-ի նոյեմբերին սենատոր Դուրբինն առաջարկեց լրագրող Մեհման Ալիևին ազատ չարձակելու դեպքում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, և դրանից հետո լրագրողն ազատ արձակվեց: Մեզ Կոնգրեսում ավելի շատ ձայն է հարկավոր, որպեսզի օգնենք Ադրբեջանում լռեցված շատ մարդկանց»,-նշվում է Մելինա Միլատսոյի հայտարարության մեջ:
Նրա հայտարարության մեջ նշվում է նաև, որ 2012թ-ին մեկնարկած «Ազատությունների նախագիծը» Կոնգրեսի անդամներին խղճի բանտարկյալներին» օժանդակություն և հասարակական աջակցություն ցուցաբերելու հնարավորություն է տալիս:
«Բացի այդ կոնգրեսականները կարող են նրանց ազատ արձակման համար միջազգային ուշադրություն ցուցաբերել»,-հավելել է Միլատսոն:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Հյուսիսային Ամերիկայի բաժանմունքի ղեկավար Մարգո Յուեն առաջարկել է Սեյմուր Հազիին և Աֆղան Մուխտարլիին ընդգրկել «Ազատությունների նախագծի» ցանկում:
Հանձնաժողովի համանախագահ Ջեյմս Մաքգովերնը հանդիպման վերջում ընդգծել է, որ իրենք ուշադիր հետևելու են, որ աշխարհի «խղճի բանտարկյալները» չմոռացվեն և չանտեսվեն:
Ադրբեջանում շինծու մեղադրանքներով ընդդիմադիրներին ձերբակալելու և մեկուսացնելու պրակտիկան բավականին տարածված է:
Այս երկրում լրագրողների նկատմամբ գրաքննությունը բավականին բացահայտ և երկարաժամկետ բնույթ է կրում:
Ալիևի վարած անօրինական, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները ոտնահարող քաղաքականության արդյունքում տուժել և տուժում են բազմաթիվ լրագրողներ, բլոգերներ, խմբագիրներ, կազմակերպություններ, լրատվամիջոցներ: