Խուզարկությունից հետո Արթուր Վարդանյանին չեն վերադարձվել ամուսնական մատանին, ժամացույցը ու շորերը
Մարաշի զինված խմբի գործով այսօրվա դատական նիստում լուծվեց ամբաստանյալ Վաղինակ Ստեփանյանի պաշտպանի հարցը՝ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշմամբ որպես նրա պաշտպան վերանշանակված փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը ներգրավվեց գործում:
Պաշտպանը կիրականացնի նաև ամբաստանյալ Արթուր Եղիազարյանի պաշտպանությունը:
Դատարանը լուծում տվեց նաև ամբաստանյալների՝ մերձավոր հարազատների հետ տեսակցությունների խնդրին՝ այժմ տեսակցելու թույլտվություն ունեն երեքական մերձավոր ազգական, այսուհետ ամբաստանյալները հնարավորություն կունենան տեսակցել ավելի ընդլայնված՝ օրենքով նախատեսված մերձավոր ազգականների հետ:
Ամբաստանյալ Գառնիկ Մարգարյանի պաշտպան Հովիկ Արսենյանը նշեց, որ ժամանակին որպես իրավունքի սահմանափակման հիմքերից մեկը նշվում էր այն, որ գործից մաս է անջատված ու ընթանում է նախաքննություն: Մեղադրողը պատասխանեց, որ այդ հիմքը պահպանվում է, անջատված մասը նախաքննության փուլում է: Դատարանը բավարարեց պաշտպանական կողմից միջնորդությունները, համապատասխան գրություններ կուղարկվեն քրեակատարողական հիմնարկներին:
Դատարանում շարունակվեց գործի 12-րդ և 13-րդ հատորներում ներառված գրավոր ապացույցների հետազոտումը:
Դրանցից մեկում, մասնավորապես, արձանագրվել էր, որ ամբաստանյալ Արթուր Վարդանյանը վիճաբանության է բռնվել խցում՝ մեկ այլ կալանավորի հետ, վեճը կանխվել է ՔԿՀ աշխատակցի կողմից, դրա մասին նախապատրաստվել են նյութեր:
Ըստ ամբաստանյալ Գառնիկ Մարգարյանի տան խուզարկության արձանագրության, նա մինչև խուզարկություն սկսելը ներկայացրել է երկու որսորդական հրացան:
Գործով ամբաստանյալ, ՀՀ նախկին վարչապետ ու Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Գ.Մարգարյանի տանը խուզարկություն կատարելու որոշումն, ըստ նյութերի, ընդունվել է հունվարի 13-ին, սակայն խուզարկվողին այն ներկայացվել է հունվարի 14-ի ամսաթվով:
Դատարանում հրապարակվեց նաև Հ-1 հեռուստաընկերության գրությունն առ այն, որ գործով երեք կին ամբաստանյալները մուտք են գործել հեռուստաընկերության տարածք «Երգ երգոց» հաղորդաշարի հաղորդմանը մասնակցելու նպատակով, նրանց ուղեկցել է ամբաստանյալ Տիգրան Բոյաջյանը: Ամբաստանյալ Նելլի Մինասյանը զանգահարել է հաղորդման ադմինիստրատորին, հայտնել հաղորդման նկարահանմանը մասնակցելու ցանկության մասին, նա էլ համապատասխան գրանցում է արել:
Պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հայտարարեց, որ Տիգրան Բոյաջյանն այնտեղ չի եղել, այդ հանգամանքը հետագայում պարզվել է: Տ.Բոյաջյանն իր հերթին նույնպես ասաց, որ ինքը հեռուստաընկերությունում չի եղել, մինչդեռ «առաջին խափանման միջոցը երկարացվել է այդ հիմքով»:
Ամբաստանյալ Արթուր Վարդանյանը հայտարարեց, որ Մարաշի տան խուզարկությունից հետո իրեն չեն վերադարձվել ամուսնական մատանին, ժամացույցը ու շորերը: Դատարանը նշեց, որ ապացույցների հետազոտումից հետո ինքը կարող է անդրադառնալ այդ հարցին:
Դատական նիստն հետաձգվեց՝ Վահան Շիրխանյանի համար շտապօգնություն հրավիրվեց, իսկ վերջերս մայրացած Նելլի Մինասյանը ուներ իր փոքրիկին կերակրելու խնդիր:
Հաջորդ դատական նիստին ապացույցների հետազոտումը կշարունակվի:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Աղբյուր` Փաստինֆո