Բաժիններ՝

«Ցավում եմ, որ իշխանությունը փորձում է իր պարտականությունը կատարել միայն այն ժամանակ, երբ իր քթի տակ կոյուղաջուր են դնում». Նաիրա Զոհրաբյան

«Այն հակահիգիենիկ վիճակը, որ կար «Նուբարաշնում», դա օր առաջ լուծում էր պահանջում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով օրերս Երևանի ավագանիում տեղի ունեցած միջադեպի մասին:

Նա նշեց, որ ինքը պարբերաբար լինում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում. «Պադվալային հարկում կոյուղաջրերն անմիջապես լցվում են քրեակատարողական հիմնարկի տարածք և այդպես դուրս են գալիս նաև հարակից տարածք: Այն, որ քաղաքապետարանը  և կառավարությունը տարիներ շարունակ աչք են փակել այդ հակահամաճարակային իրավիճակի վրա, դա փաստ է, որ Նուբարաշենի բնակիչների բողոքը իրավացի է, դա փաստ է: Հարցը քաղաքապետարանում ներկայացնելու ձևն ինձ համար վիճելի է: Այստեղ մոտեցումների խնդիր կա: Այդ ակցիայի ձևն ինձ համար ընդունելի չէ, կան մարդիկ, ովքեր այդ տեսարանները, աղմուկը, աղաղակը, փողկապներից քաշելը, միմյանց երկկողմանի քացի տալը համարում են քաղաքական մշակույթի մի մաս: Ես դա համարում եմ հակամշակույթ, հակաքաղաքական, անընդունելի երևույթ»:

Խոսելով ՀՀԿ-ի ավագանու անդամների պահվածքի մասին՝ Ն. Զոհրաբյանն ասաց. «Եթե մի տղամարդ կարող է ինքնահաստատվել՝ կնոջ վրա հարձակվելով, կնոջ վզից բռնելով և դուրս շպրտելով, իր շեֆի մոտ բոնուս հավաքելու համար կնոջ նկատմամբ  բռնություն կիրառել, ես մեծագույն կասկածներ ունեմ՝ այդ տղամարդու ինքնագնահատականի հետ կապված: Միայն թույլ տղամարդը կարող է ինքնահաստատվել՝ կնոջ վրա հարձակվելով՝ անկախ նրանից՝ տվյալ կնոջ պահվածքն ինձ համար ընդունելի՞ է, թե՞ ոչ: Եթե փորձեմ ամփոփել՝ տեղի ունեցածը սարսափելի տգեղ էր, որևէ մեկին պատիվ չէր բերում, բայց չկա չարիք՝ առանց բարիքի: Դրա արդյունքում սկսել են արդեն զբաղվել Նուբարաշենի՝ տարիներ շարունակ հակահիգիենիկ խնդրով: Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկն ընդհանրապես լիկվիդացնել է պետք, դա էպիդեմիայի բուն է»:

Հարցին՝ այն, որ արդեն աշխատանքներ են իրականացնում Նուբարաշենում, արդյոք ցույց չի՞ տալիս, որ այդ մեթոդներն ավելի գործուն են, Ն. Զոհրաբյանն այսպես պատասխանեց. «Ցավում եմ, որ իշխանությունը փորձում է իր պարտականությունը կատարել միայն այն ժամանակ, երբ իր քթի տակ կոյուղաջուր են դնում: Այդպես պետք է չլինի: Սա ցավալի է, բայց գոնե այսօր փորձում են խնդիրը կարգավորել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս