Բաժիններ՝

«Եթե մենք ընդունում ենք, ձեր քաղաքական մրցակիցն ենք, ձեր կառավարությունը ո՞նց կարող է ձեր առաջարկը չընդունի». Նիկոլ Փաշինյան

«Կառավարությունն էլ գտնում է, որ մինչև 280 հազար դրամ աշխատավարձ ստացողները համեմատաբար համեստ ֆինանսական կարողություններ ունեցողներ են, դրա համար եկամտային հարկը պլանավորել են, որ մինչև 280 հազար աշխատավարձ ստացողների եկամտային հարկը նվազում է»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ։

Խ.Հարությունյանն առաջարկում է մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների, որ 425 հազար մարդ են, և որը ՀՀ ամբողջ աշխատուժի 71.6%-ն է, եկամտային հարկի դրույքաչափն իջեցնել մինչև 20%, տարբերությունը մնացածի հաշվին լրացնել. «Դրանով կլուծվի կարևոր հարց՝ այդ աշխատուժի մեծ մասը ստվերում է, և հենց նրանց դրույքաչափը հավասարեցվի շահութահարկի մակարդակին, ստվերում մնալու կարիք չի լինի, և կգան հարկային դաշտ, ու կավելացվեն բյուջեի եկամուտները»։

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, որ իրենք ընդունում են այդ առաջարկը, Խ.Հարությունյանը պատասխանեց, որ դա դեռ կառավարությունը պետք է ընդունի։

«Եթե մենք ընդունում ենք, ձեր քաղաքական մրցակիցն ենք, ձեր կառավարությունը ո՞նց կարող է ձեր առաջարկը չընդունի»,- հակադարձեց Ն.Փաշինյանը։

Նշելով, որ թանկացումները սկսվել են անցած տարվա կեսերից, նա հարցադրում արեց՝ ի՞նչ ենք արել այս ընթացքում՝ մի լսում, 2 հանրահավաք ու երթ։

Փաշինյանի կարծիքով՝ քաղաքական մեծամասնության հույսն է, որ գարունը բացվեց, կանաչին դուրս կգա, հաջորդ տարվա բյուջեում էլ թոշակները 700 դրամով կավելացնեն, ու վերջ.

«Մի տարի մարդիկ թանկացման մեջ են ապրում, մեր արձագանքը ո՞րն է սրան»։

«Ես միանում եմ Ձեր հարցադրմանը, անկեղծ եմ ասում»,- պատասխանեց Խ.Հարությունյանը՝ հավելելով, որ կարագը տարիներ շարունակ թանկանում է, բայց սեփական արտադրողին չեն խթանում, իսկ իրենց առաջարկած լուծումները երկարաժամկետ են։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը հայտարարեց, որ սեղմված գազի թանկացումը չի կարող չանդրադառնալ գնաճի վրա։ Ըստ նրա՝ իշխանության ղեկին գտնվող քաղաքական ուժը երկիրը ղեկավարում է արդեն 20 տարի։ Ընդդիմադիր պատգամավորը հարցադրում արեց, թե իշխանության պատկերացմամբ՝ հասարակությունը ե՞րբ 150 դրամի փոխարեն՝ կսկսի ստանալ 300 հազար դրամ, և չի օգտվի եկամտային հարկի արտոնություններից։

Խ.Հարությունյանի խոսքով՝ 1990-ականի վերջին թոշակը 7000-9000 հազար էր, որ ամիսներով, անգամ տարիներով չէր վճարվում, իսկ 2008-ի ճգնաժամից հետո ՀՀԿ-ի՝ իշխանության լինելը մեծ բեռ է։ Նրա պնդմամբ՝ քաղաքացիների կյանքում փոփոխություն կա, բայց այլ հարց է դրա շատն ու քիչը։

«Կառավարման համակարգում մենք պրոբլեմ ունեցե՞լ ենք, թե՞ ոչ»,- իր հերթին՝ հարցադրում արեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։

Խ.Հարությունյանը կրկին անկեղծացավ ու նշեց, որ չի կարծում, թե ֆինանսական ճգնաժամի ժամանակ իրենք բոլոր քայլերը ճիշտ են արել, բայց արդարացրեց, որ նման պայմաններում աշխատելու փորձ իրենք չեն ունեցել, բայց վեկտորը ճիշտ է ընտրվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս