««Երևանը և Զանգեզուրը վերադարձնելու» Ալիևի հայտարարությանը պետք է լուրջ վերաբերվել». Դավիթ Շահնազարյան. «Առավոտ»
««Երեւանը եւ Զանգեզուրը վերադարձնելու» մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությանը պետք է լուրջ վերաբերվել մի քանի պատճառներով: Ալիեւը հայտարարությունն արել է ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հետ հանդիպումից հետո, երբ նրանք դեռեւս տարածաշրջանում էին: Վստահ եմ, որ եւ՛ Ալիեւը, եւ՛ համանախագահներ դժգոհ են եղել հանդիպումից»,- «Առավոտ»-ին ասաց 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
«Այս հանդիպումից հետո արված Ալիեւի վերոհիշյալ հայտարարությունը չպետք է կապել բացառապես նախընտրական գործոնի հետ, իսկ, եթե նույնիսկ դա նախընտրական քարոզչական հնարք է, ապա այն վկայում է, որ Ալիեւը ձգտում է էլ ավելի ծայրահեղական տրամադրություններ բորբոքել իր երկրի հասարակության մեջ: Բացի այդ, դա հստակ ուղերձ է համանախագահներին, եւ այդպես է նա պատասխանում վստահության մեխանիզմներ ստեղծելու միջնորդների կոչին:
Հաջորդը, Ալիեւն իր հայտարարությամբ փորձում է ազդել հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վրա՝ հույս ունենալով, որ Հայաստանում նույնպես արմատական, ծայրահեղ կոչեր կհնչեն, որ, օրինակ՝ անհրաժեշտ է դադարեցնել բանակցությունները: Հետեւաբար, թե՛ քաղաքական ուժերը, թե՛ հասարակական կազմակերպությունները, թե՛ փորձագիտական հանրությունը պետք է զերծ մնան նման կոչերից եւ չհայտնվեն Ալիեւի լարած ծուղակում»,- ասաց մեր զրուցակիցը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: