«Հարցերին չպատասխանելու այդ դիրքորոշումն Արմեն Սարգսյանին դարձնում է շատ խոցելի». Նարինե Դիլբարյան

Լեզվաբան Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ հասարակությունը պատրաստ է իշխանության նոր կերպարի և նոր պահվածքի։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա անդրադարձավ ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումներին՝ ընդգծելով, որ դրանք բավականին հետաքրքիր են.

«Ձևաչափը փոխվել է, նա սկսեց ուսումնական, կրթական հաստատություններ այցելելուց, և զգացվում է, որ նա փորձում է բացի քաղաքականից՝ կարևորել նաև սոցիալական գործոնը։ Ենթադրում եմ, որ նա ուզում է թիմ ձևավորել. թեև առաջադրվել է ՀՀԿ-ի և հանրապետության այսօրվա ղեկավարի, ապագա վարչապետի կողմից, բայց նրան դժվար է համարել ՀՀԿ իրական թեկնածուն։ Այսինքն՝ նա գուցե Սերժ Սարգսյանի թեկնածուն է, բայց այսօր փորձում է իրեն թիմ ձևավորել այդ մտավորականների և հատկապես՝ երիտասարդության շրջանում։

Ե՛վ Ֆիզմաթ դպրոցում, և՛ ԱՅԲ դպրոցում նա իրեն դրսևորել է՝ իբրև նոր ոճի գործիչ, ընդ որում՝ ոչ ինչպես Կարեն Կարապետյանը, այլ խորքային, գիտական և այլն։ Թե ինչքանով նրա թիմի ձևավորումը կհաջողի, բարդ է ասել, ստիպված եմ արձանագրել, որ անգամ հանդիպումների այսպիսի ձևաչափից հետո հարցականները մեծանում են»։

Դիլբարյանը մասամբ համաձայն է, որ Արմեն Սարգսյանը գործունեության որոշակի դաշտ ունի, բայց գործունեության որոշակի դաշտը, ըստ նրա՝ կիրականանա, եթե տեսնենք, թե ինչ ծրագիր է դրա տակ թաքնված.

Կարդացեք նաև

«Ցավով պետք է արձանագրեմ, որ պարոն Սարգսյանը խուսափում է տեղի ունեցած իրադարձություններին գնահատական տալուց։ Նա մտավախություն ունի՝ իր թիմին վիրավորելու, կամ հանկարծ թիմում անցանկալի անձ դիտարկվել, և գուցե դա բնական զգուշավորություն է։ Կարծում եմ՝ նա լավ է պատկերացնում այն թիմը, որի թեկնածուն և որի իշխանության նախագահը պետք է դառնա, և դրա համար, ցավալիորեն, խուսափում է որևէ գնահատական տալ, ասում է, որ ինքը չի տեսել, օրինակ՝ քաղաքապետարանում տեղի ունեցածը, չնայած՝ ընդունենք, որ դա բավականին միամիտ բացատրություն է, բոլորը հանրային միջոցներից օգտվում են, և գնահատականներ տալը նրա հասարակական դիրքն առավել կբարելավեր։

Հարցերին չպատասխանելու այդ դիրքորոշումը նրան դարձնում է շատ խոցելի, բայց խիստ աներկբա է դառնում այն իրողությունը, որ նա համաձայնելու է և լինելու է հաջորդ նախագահը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս