Թուրքիայի վարչապետի այցը Գերմանիա ուղեկցվել է բողոքի ցույցերով
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի՝ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ մամուլի ասուլիսն ուղեկցվել է բողոքի ակցիաներով: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:
Մամուլի ասուլիսին ներկա լրագրողներից մեկը, ով աշխատում է քրդական BasNews գործակալության համար, ոտքի է կանգնել և պարզել է լուսանկար, որը, նրա համոզմամբ, արվել է Աֆրինում՝ թուրքական զինուժի գործողությունների հետևանքով:
Այս արարքից զայրացած Յըլդըրըմը հայտարարել է, որ լուսանկարը կեղծ է և հորդորել է իրականությունը տեսնելու համար անձամբ այցելել Աֆրին: «Մի փորձեք ազդեցություն գործել այստեղի մարդկանց վրա»,- ասել է Թուրքիայի վարչապետը:
Նախքան ասուլիսը ևս բողոքի ցույց է կազմակերպվել Յըլդըրըմի դեմ: Կանցլերի գրասենյակի դիմաց հավաքված խումբը հորդորել է գերմանական կողմին դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային, ինչպես նաև վերջ տալ Աֆրինի ռազմական գործողություններին: