Թուրքիայի քրդամետ կուսակցության ևս մեկ պատգամավոր կարող է զրկվել մանդատից
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի տեղակալ Ահմեթ Յըլդըրըմը կարող է զրկվել պատգամավորական մանդատից: Պատճառը երկրի նախագահի հասցեին հնչեցված հայտարարությունն է: Այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին «պալատում գտնվող փադիշահ թափթփուկ» արտահայտությունն անելու համար Մուշի դատարանը նրան օրերս դատապարտել էր 1 տարի և 2 ամիս ազատազրկման: Դատարանի այս որոշումից հետո մեջլիս է ուղարկվել պաշտոնական գրություն նրան պատգամավորական մանդատից զրկելու վերաբերյալ:
Ավելի վաղ պատգամավորական մանդատներից զրկվել էին նույն կուսակցության պատգամավորներ Ֆիգեն Յուքսեքդաղը, Նուրսել Այդողանը և Բեսիմե Քոնջան, ովքեր մեղադրվել էին պետության անվտանգությանը սպառնալու մեջ:
Ահմեթ Յըլդըրըմի պարագայում առաջին անգամ պատգամավորը մանդատից կզրկվի երկրի նախագահին վիրավորելու հիմնավորմամբ: