Սիրիայում ամենուրեք սկսում են վերականգնել զինյալների կողմից ավերված դպրոցները
Սիրիայում ամենուրեք սկսում են վերականգնել հակամարտության ընթացքում զինյալների կողմից ավերված դպրոցները: Նման ուսումնական հաստատություններից մեկը Արեւմտյան Գուտայի շրջանի Հասնու գյուղում նորոգումից հետո իր դռներն է բացել աշակերտների առջեւ։
«Երեք տարի անընդմեջ այստեղ զինյալների շտաբն էր: Պատկերացնում եք՝ ինչ վիճակում են նրանք մեզ թողել դպրոցը: Նախքան նորոգմանը ձեռնամուխ լինելը, մենք մի քանի օր այնտեղից դուրս էինք բերում աղբը»,-լրագրողներին հայտարարել է դպրոցի տնօրեն Ռաբի Ազալը:
«Երբ այստեղ ահաբեկիչներն էին, ես շատ էի մտահոգված մեր դպրոցի համար: Մի բան էի մտածում՝ միայն թե այն ամբողջությամբ չավերեն: Բարեբախտաբար, դա տեղի չունեցավ, եւ զինյալները հեռացան: Այո, դժվարությունները շատ են. չեն բավականացնում մանկավարժները, ուսումնական ձեռնարկները, բայց մենք գլուխ ենք հանում»,-նշել է տարրական դասարանների ուսուցչուհի Ֆաթիմա Մուսլիման: Ընդ որում՝ դպրոցականները մարտական գործողությունների ընթացքում մի քանի տարով հետ են ընկել ծրագրից:
«Ոմանք ոչ միայն կարդալ չեն կարողանում, այլեւ տառերը չգիտեն: Պատերազմի պատճառով երեխաները շատ բան են բաց թողել: Կան 12-13 տարեկան դեռահասներ, որոնք դեռեւս սովորում են երրորդ դասարանում»,-ասել է տարրական դասարանների ուսուցչուհի Ֆաթիմա Քենանը:
Ներկայում Սիրիայի ղեկավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի հնարավորինս արագ վերականգնի ուսումնական գործընթացը. դպրոցների մեծ մասում պարապմունքներն ու նորոգումը զուգահեռ են ընթանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: