Բաժիններ՝

Մերկելը հորդորել է Թուրքիային հավատարիմ մնալ իրավական պետության սկզբունքներին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ հանդիպմանը հերթական անգամ բարձրացրել է այդ երկրում ավելի քան մեկ տարի կալանքի տակ գտնվող գերմանացի լրագրող Դենիզ Յուջելին ազատ արձակելու պահանջը: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:

Յըլդըրըմի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը Մերկելն ընդգծել է, որ Թուրքիայի և Գերմանիայի միջև հարաբերությունները շարունակում են դժվարին ժամանակաշրջանում լինել: Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է քայլ առ քայլ ջանքեր գործադրել այդ խնդիրների հաղթահարման համար:

Բացի այդ, Մերկելն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում իրավական հարցերում առկա խնդիրների վրա՝ նշելով, որ ռազմական հեղաշրջման տապալված փորձից հետո երկիրը պետք է հավատարիմ մնա իրավական պետության սկզբունքներին և չափավոր քայլեր ձեռնարկի:

Անդրադառնալով Թուրքիայի՝ Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացմանը՝ կանցլերը հիշեցրել է, որ իրենց այս հարցում արդեն հայտնել են նախապայմանների մասին:

Թուրքիայի վարչապետն իր խոսքում անդրադարձել է քրդական ուժերի (PKK, YPG, PYD) դեմ իրենց պայքարին՝ նշելով, որ իրենց այդ կառույցները ահաբեկչական են համարում, ուստի կոչ են անում Գերմանիային դրանց դեմ պայքարում լինել իրենց կողքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս