Բաժիններ՝

Լավագույն դեղատոմսը երեխաների հանդեպ սերն է. «Նվիրիր կյանք» հիմնադրամը բարեգործական համերգ էր կազմակերպել

Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրը՝ փետրվարի 15-ին, բարեգործական համերգ-նախագիծ իրականացվեց, որը կազմակերպվել էր «Նվիրիր կյանք» հիմնադրամի նախաձեռնությամբ։

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ, առաջին տիկին Ռիտա Սարգսյանի խոսքերով՝ այս ձեւաչափը քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը նպաստելու լավագույն դեղատոմսն է. «Այս կարծիքին են նաեւ հոգեբաններն ու բժիշկները»։

Սոֆի Առաքելյանը 12 տարեկան է։ Սիրում է բարի ու անկեղծ մարդկանց։ Հավատում է հրաշքների, որովհետեւ, ինչպես ինքն է ասում, հրաշքի շնորհիվ է, որ ապրում է։ Սոֆին շատ ուրախ է նախագծին մասնակցելու եւ իր սիրելի երգչուհու՝ Լեյլա Սարիբեկյանի հետ երգելու համար։

7-ամյա Հենրին սովորում է առաջին դասարանում։ Հենրիխ Մխիթարյանի փոքրիկ երկրպագուն երազում է ֆուտբոլիստ դառնալ։ Սիրում է նաեւ երգել։ Բեմը իրենն էր, հատկապես երբ համատեղ կատարումով ելույթ ունեցավ սիրելի երգչի՝ Էրիկ Կարապետյանի հետ միասին։

Սոֆիի ու Հենրիի նման տասնյակ երեխաներ երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում սիրելի երգիչների հետ երգեցին ու ստացան լույսի խորհրդանշական փոքրիկ լապտերիկներ։ Հիմնադրամն իր գործունեությունն ամբողջությամբ կապել է մարդասիրական այս առաքելությանը։

«Մենք պետք է միավորվենք ու մեր ունեցած հնարավորությունների չափով աջակից լինենք երեխաներին։ Փոքրիկներն արժանի չեն անցնելու այս հիվանդության փորձություններով ու ճանապարհով։ Երբ նայում եմ փոքրիկ Արփուշիկին, ով չնայած անցնելով այդ դժվարին ուղին, միեւնույնն է՝ ժպտադեմ նայում է աշխարհին, կարծես մեզ համար դաս լինի։ Մեծերս փոքրիկ բաներից ընկճվում ենք, իսկ նրանք հաղթահարում են դժոխային րոպեներ, հետո գալիս ու աննշան բանից ուրախանում են։ Աշխարհը, բնությունը մեզնից խելացի է։ Մեր տված սերն ու վերաբերմունքը, բումերանգի նման մի օր նորից վերադառնալու են։ Երեխաներին չի կարելի վերաբերվել որպես հիվանդի, նրանք դա էլ են զգում։ Պարզապես սիրեք ու անկեղծ եղեք նրանց հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մարինա Ալեսը։

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս