Օլիմպիական խաղերում տղամարդկանց գեղասահքի առաջատարը Ճապոնիայի ներկայացուցիչն է
23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրից հետո առաջատարը Ճապոնիայի ներկայացուցիչն է:
Հարավկորեական Փհենչհան քաղաքում ընթացող Ձմեռային օլիմպիական խաղերում պայքարի մեջ մտան գեղասահորդ տղամարդիկ: Կարճ ծրագրից հետո առաջատարը 111.68 միավորով Յուսուրու Հանյուն է: Երկրորդ տեղում իսպանացի Խավիեր Ֆերնանդեսն է, ով ունի 107.58 միավոր, և եռյակի վերջում մեկ այլ ճապոնացի է` Շոմա Ունոն: Նա հավաքել է 104.17 միավոր: Տղամարդկանց ազատ ծրագիրը կլինի փետրվարի 17-ին:
Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվի մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են Ձմեռային խաղերի համար ռեկորդային թվով մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ: Հարավային Կորեայում Օլիմպիական խաղերն անցկացվում են երկրորդ անգամ: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը:
Ներկա Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին: