Ավագանու կին անդամին բռնության ենթարկած ՀՀԿ-ականները թաթախված են քրեական պատմությունների մեջ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի ժամանակ հարվածած, քաշքշած, հրած ավագանու ՀՀԿ-ական անդամները, յուրաքանչյուրը, պարզվում է՝ առանձին-առանձին թաթախված է տարբեր քրեական պատմությունների մեջ։

Նշենք, որ armtimes.com-ը գրել էր, որ ծեծի հիմնական մասնակիցներից ավագանու անդամ Վասպուրակ Մարտիրոսյանը քրեական անցյալ ունի: Նրա պաշտոնական կենսագրությունում նշված է, որ աշխատել է «Մաքս կոնցեռն» ՍՊԸ-ում:

ՀՔԾ-ի հաղորդագրություններից մեկում նշվում է, որ «Մաքս Կոնցեռն» ՍՊԸ խորհրդի նախագահի օգնական Վասպուրակ Մարտիրոսյանը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ին հասցված գույքային վնասի վերաբերյալ, հիշյալ ընկերության նախկին աշխատակիցներից պարզաբանումներ եւ հատուցում ստանալու նպատակով, նրանց բոլորին ազատությունից ապօրինի զրկելու դիտավորությամբ, 2009 թվականի նոյեմբերի 2-ից մինչեւ 7-ն ընկած ժամանակահատվածում, վերջիններիս կամքին հակառակ, պահել են ընկերության վարչական շենքում:

Նույն վայրում գործով չպարզված` անվտանգության աշխատակիցների միջոցով նրանց նկատմամբ սահմանել են հսկողություն` ապօրինաբար զրկելով տեղափոխվելու եւ գտնվելու վայրն ընտրելու ազատությունից, պահել այնքան ժամանակ, մինչեւ վերջիններս պարտադրմամբ եւ թելադրանքով գրել են «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի դրամարկղ գումարներ վճարելու վերաբերյալ պարտավորագրեր:

Վասպուրակ Մարտիրոսյանը որոշ ժամանակ եղել է կալանավորված, սակայն հաջողացրել է ազատվել քրեական պատասխանատվությունից:

«Ժամանակ»-ի տրամադրության տակ հայտնված նյութերից պարզվում է, որ Վասպուրակ Մարտիրոսյանից ոչնչով հետ չի մնում միջադեպի օրը Մարինա Խաչատրյանին ավագանու նիստերի դահլիճից հեռացնելու «օպերացիային» մասնակցած ավագանու անդամ, Երեւանի Նոր Նորքի նախկին թաղապետ Մելիք Գասպարյանի եղբայր Արտակ Գասպարյանը, որին հաջողվել էր քաշելով Մարինա Խաչատրյանին հանել նախասրահ:

Մասնավորապես մեր ձեռքի տակ եղած նյութերից պարզ է դառնում, որ Արտակ Գասպարյանի դեմ անցած տարի հաղորդում է ներկայացվել հատուկ քննչական ծառայություն, որով քննություն է գնում։

Այդ տեղեկությունների համաձայն՝ դեռեւս 2007 թվականից Արտակ Գասպարյանը թաղված է պարտքերի մեջ: Իսկ 2013 թվականի սեպտեմբեր ամսին բանկերից մեկի ղեկավարությանը տվել է 10.000 ԱՄՆ դոլար կաշառք եւ ստացել 135.000 ԱՄՆ դոլար վարկ: Վարկի դիմաց գրավադրել է եղբոր՝ Մելիք Գասպարյանին պատկանող տունը: Վարկը չմարելու պատճառով եղբորը պատկանող տունը դարձել է բանկի սեփականությունը:

Դիմող կողմը իրավապահ մարմիններին ներկայացրած հաղորդման մեջ նշել է, որ պատրաստ է ապացուցել, որ Արտակ Գասպարյանի կողմից կատարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ (1-ին կամ 2-րդ մաս) հոդվածով նախատեսված հանցավոր արարքներ։

Ինչպես նշեցինք, այս գործով դեռ քննություն է գնում։

Նշենք, որ Արտակ Գասպարյանի պաշտոնական կենսագրության մեջ նշված է, որ նա 1994թ-ից ծառայության է անցել ՀՀ ՆԳՆ Նոր Նորքի բաժնում` որպես քրեական հետախուզության օպերլիազոր:

2004 թ-ից աշխատել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ բաժնում` որպես հատկապես կարեւորագույն գործերով ավագ օպերլիազոր, որից հետո 2009թ-ից ծառայությունը շարունակել է ՀՀ ոստիկանության շտաբում: Ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար՝ ՀՀ ոստիկանության պետի հրամանով պարգեւատրվել է պատվոգրերով եւ մի շարք շքանշաններով:

2012թ-ին ոստիկանության փոխգնդապետի կոչումով անցել է ծառայողական կենսաթոշակի:

Վերը թվարկված երկու դեպքերը վառ ապացույցն են, թե ովքեր են հավաքված ավագանու ՀՀԿ խմբակցությունում։ Փաստորեն նրանք ոչ միայն կին ծեծող են, այլեւ թաթախված են քրեական տարբեր հանցագործությունների մեջ։ Նրանցից բացի, ավագանու ՀՀԿ-ական խմբակցության անդամ են հայտնի քրեական դեմքեր, մականունավորներ։ Օրինակ՝ ավագանի վերջին նիստերից մեկի ժամանակ Անահիտ Բախշյանին վիրավորած Ծիտը՝ Արմեն Սահակյանը եւ ուրիշներ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս