Բաժիններ՝

Մասիսի հիվանդանոցի լաբորատորիայի ոչ մի բուժաշխատող չի ազատվի աշխատանքից մինչ ստուգումների ավարտը

Մասիսի հիվանդանոցի ոչ մի բուժաշխատող չի ազատվի աշխատանքից մինչ թեյի գույնի համար մեզի անալիզի պատասխաններ գրելու դեպքի ուսումնասիրությունների ավարտը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Նունե Ավանեսյանը: «ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչությունը ստուգումներ և ուսումնասիրություններ է անցկացնում դեպքի հետ կապված: Հետազոտությունների ավարտից հետո միայն պարզ կդառնան վերջնական արդյունքներն ու մանրամասները»,-ասաց տնօրենը:

Լաբորատորիայի 15 բուժաշխատողից 8-ը ազատման դիմում էին ներկայացրել դեպքից հետո: «Սակայն աշխատողներից ոչ ոք չի ազատվել և դեռ չի ազատվի աշխատանքից մինչ հետազոտությունները չավարտվեն, և արդյունքները պարզ չդառնան: Ազատման դիմումը ներկայացրել էին փետրվարի 2-ին, սակայն դրանք ուժի մեջ են ընդամենը 3 աշխատանքային օր»,-նշեց Ավանեսյանը: Նրա խոսքով՝ բուժաշխատողներն անալիզը հաշվարկել են ոչ թե սարքով, այլ «աչքով»:

Հարցին՝ դիմել է տնօրենն արդյոք իրավապահ մարմիններին, ասաց՝ փաստերի հիման վրա իրավապահ մարմիններն իրենք են գործ հարուցել:

Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի տնօրենը նույն հիվանդանոցի լաբորատորիայում մեզի անալիզի փոխարեն թեյի գույն էր հանձնել և ստացել մեզի անալիզի պատասխան, իսկ իր արյունը, մի քանի մարդկանց արյան փոխարեն հանձնելով, ստացել էր տարբեր պատասխաններ: Ինչպես փաստել էր հիվանդանոցի տնօրենը՝ աշխատողներին ստուգելու դրդապատճառ էին եղել բազմաթիվ բնակիչների բողոքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս