
ՀԱՀ-ի խորհրդարանը Սիրիլ Ռամաֆոզային հաստատեց երկրի նախագահի պաշտոնում

Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանը պաշտպանել է «Աֆրիկյան ազգային կոնգրես» իշխող կուսակցության նախագահ Սիրիլ Ռամաֆոզայի թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնում։
Սպասվում է, որ արդեն փետրվարի 16-ին պետության նոր ղեկավարը հանդես կգա ազգին հղված ուղերձով:
Քվեարկության արդյունքների հայտարարումից հետո, որի ընթացքը հեռարձակվում էր, մասնավորապես, You-Tube-ում, խորհրդարանի մի քանի անդամներ սկսել են պարել ու ծափահարել:
Ավելի վաղ ՀԱՀ-ի նախագահ Ջեյկոբ Զուման վայր է դրել պետության ղեկավարի լիազորությունները: Համապատասխան հայտարարությունը նա արել է փետրվարի 14-ի երեկոյան այն ժամկետի լրանալուց հետո, որը նրան հատկացրել էր «Աֆրիկյան ազգային կոնգրես» իշխող կուսակցությունը՝ հակառակ դեպքում սպառնալով փետրվարի 15-ին աջակցել ընդդիմությանը վստահության հարցի շուրջ քվեարկության ժամանակ:
«Ես որոշեցի անհապաղ թողնել հանրապետության նախագահի պաշտոնը: Չնայած համաձայն չեմ իմ կազմակերպության ղեկավարության որոշմանը, ես միշտ էլ «Աֆրիկյան ազգային կոնգրեսի» կարգապահ անդամն եմ եղել»,- ասել է Զուման, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: