Թրամփը Ֆլորիդայի դպրոցում ողբերգության պատճառը համարում հրաձիգի հոգեկան հիվանդությունը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ Ֆլորիդայի նահանգում ողբերգության պատճառը, որտեղ դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով 15 մարդ է զոհվել, մեղադրյալ Նիկոլաս Քրուզի հոգեկան խանգարումն է: Այդ մասին ԱՄՆ-ի ղեկավարը, որը զենքի ազատ վաճառքի կողմնակից է, փետրվարի 15-ին գրել է Twitter-ի իր էջում:
«Կան այն բանի բազմաթիվ նշաններ, որ Ֆլորիդայում հրաձիգը հոգեպես անառողջ էր, նրան նույնիսկ դպրոցից հեռացրել էին վատ ու տարօրինակ վարքագծի համար,-գրել է Թրամփը:-Հարեւաններն ու համադասարանցիները գիտեին, որ նա մեծ խնդիր է ներկայացնում: Անհրաժեշտ է մշտապես իշխանություններին իրազեկել նման դեպքերի մասին», հաղորդել է ՏԱՍՍ-ը: