Բաժիններ՝

Ֆլորիդայի դպրոցում սպանդի հեղինակին 17 սպանության մեղադրանք է առաջադրվել

19-ամյա Նիկոլաս Քրուզին, որն աշակերտների վրա կրակ է բացել ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցում, կանխամտածված սպանության մեղադրանք են առաջադրել 17 կետով: Այդ մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը:

Երիտասարդին մեղադրանքներ առաջադրելու մասին հայտնել են հարցաքննության արդյունքների հիման վրա: Դրանից հետո Քրուզին տեղափոխել են Բրոուարդի օկրուգի բանտ:

Փարքլենդի Marjory Stoneman Douglas դպրոցում հրաձգության զոհ է դարձել 17 մարդ: Տեղի երեք հոսպիտալներ Է տեղափոխվել 17 մարդ: Երկու վիրավորներ մահացել են վիրահատական սեղաններին, երեքը գտնվում են ծանր վիճակում: Դպրոցի շենքում կրակոցները լսվել են պարապմունքների ավարտից քիչ առաջ՝ 14:30-ին (Երեւանի ժամանակով 23:30-ին): Դրանից քիչ առաջ դպրոցում միացվել է հրդեհային տագնապի ազդանշանը: Բացառված չէ, որ դա արել է Քրուզն ինքը՝ խուճապ առաջացնելու համար:

Աշակերտների մեծ մասը փակվել է դասարաններում: Մինչդեռ 30 փամփուշտանոց պահեստատուփով կիսաավտոմատ հրացանով զինված Քրուզը գնդակահարել է բոլորին, ովքեր հայտնվել են իր ճանապարհին: 12 մարդ սպանվել է դպրոցում, երկուսը՝ դպրոցի շենքի մոտ, մեկը՝ փողոցում եւ երկուսն էլ մահացել են հոսպիտալում: Զոհվածների թվում են ինչպես աշակերտներ, այնպես էլ չափահասներ:

Կրակողն ավելի վաղ սովորել է այդ դպրոցում եւ հեռացվել է կարգապահությունը խախտելու համար: Ոստիկանները նրան բռնել են ողբերգության վայրից մոտավորապես մեկուկես կիլոմետր հեռավորության վրա: Հրաձիգի դրդապատճառների մասին առայժմ տեղեկություններ չկան:

Դպրոցում պարապմունքները չեղարկվել են մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջը: Ինչպես հայտնել է Բրոուարդի օկրուգի շերիֆի վարչությունը, «Marjory Stoneman Douglas դպրոցը փակ կլինի հինգշաբթի օրը՝ փետրվարի 15-ին, եւ ուրբաթ օրը՝ փետրվարի 16-ին: Բոլոր ուսումնական միջոցառումները նույնպես չեղյալ են հայտարարված:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրազեկվել է Փարքլենդի դպրոցում հրաձգության միջադեպի մասին: «Իմ աղոթքները եւ իմ ցավակցությունը Ֆլորիդայի սարսափելի ողբերգության զոհերի հարազատներին»,- գրել է նախագահն Twitter-ում: Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոթը հայտնել է, որ նահանգի բոլոր պետական հիմնարկությունների դրոշները կխոնարհվեն մինչեւ փետրվարի 19-ը ի հիշատակ Փարքլենդ քաղաքի դպրոցում հրաձգության զոհերի:

Ֆլորիդայի գլխավոր դատախազ Պամելա Բոնդին խոստացել է «փոխհատուցել ողբերգության զոհերի հուղարկավորման ծախսերը եւ ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել նրանց ընտանիքներին»: Նա հավելել է, որ անձամբ է վերահսկելու նյութական օգնության բաշխումը զոհերի հարազատներին ու տուժածներին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս