Սպանդանոցային մորթի պահանջը հուլիսի 1-ից պարտադիր կլինի ամբողջ հանրապետությունում
ՀՀ Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 15-ի, նիստում ընդունել է կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը հստակեցնող որոշում՝ հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» օրենքում վերջերս ամրագրված դրույթը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
N | Հայաստանի Հանրապետությունում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները | Կատարման ժամկետը |
1 | Պետական գնումներով սպանդանոցային ծագման մթերքի ձեռքբերում | 2018 թվականի մարտի 1-ից |
2 | Մսամթերքի արտադրություն (տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերքի օգտագործելու դեպքում) | 2018 թվականի մարտի 1-ից |
3 | Տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերքի արտահանում | 2018 թվականի մարտի 1-ից |
4 | Երևան քաղաքի հանրային սննդի օբյեկտներում (տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերք օգտագործելու դեպքում) | 2018 թվականի հուլիսի 1-ից |
5 | Երևան քաղաքում տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերք իրացնող առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում | 2018 թվականի հուլիսի 1-ից |
6 | ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերում տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերք իրացնող առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում | 2018 թվականի հուլիսի 1-ից |
7 | ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի հանրային սննդի օբյեկտներում (տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերք օգտագործելու դեպքում) | 2018 թվականի հուլիսի 1-ից |
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2017թ. ընթացքում ինտենսիվ աշխատել է տնտեսվարողների հետ՝ հանդիպումների, պարզաբանումների, ծանուցումների միջոցով տեղեկացնելով սպասվող փոփոխության մասին:
Արդյունքում նախատեսվում է `
- բացառապես սպանդանոցային մորթի ենթարկված կենդանական ծագման մթերքի շրջանառություն,
- կենդանական ծագման մթերքի մակնշում՝ ներառյալ սպանդանոցի մասին տեղեկություններ,
- վարչական պատասխանատվություն այս պահանջները չկատարելու համար: