
Կանանց բիաթլոնում անհավանական հաղթանակ տոնեց շվեդ մարզիկը. Փհենչհան-2018

Ձմեռային օլիմպիական խաղերում անսպասելի արդյունք գրանցվեց կանանց բիաթլոնի 15կմ մրցաձևում:
Կանանց անհատական 15 կմ բիաթլոնում անակնկալ հաղթանակ տոնեց շվեդ մարզուհի Հանա Էբերգը, ով մրցատարածությունը հաղթահարեց 41:07.2 արդյունքով: Էբերգը բիաթլոնի աշխարհի գավաթի խաղարկության անցած մրցաշարում միայն 58-րդն էր: Երկրորդ տեղում սլովակ Անաստասիա Կուզմինան է (+24.7 արդյունք), և բրոնզե մեդալ նվաճեց գերմանուհի Լաուրա Դալմայերը (+41.2 արդյունք):
Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվի մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են Ձմեռային խաղերի համար ռեկորդային թվով մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ: Հարավային Կորեայում Օլիմպիական խաղերն անցկացվում են երկրորդ անգամ: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը:
Ներկա Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին: