
Փհենչհանի Օլիմպիական խաղերում նորովիրուսով վարակման ավելի քան 230 դեպք է արձանագրվել

Հարավային Կորեայի ձմեռային Օլիմպիական խաղերում նորովիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է մինչեւ 232: Այդ մասին փետրվարի 15-ին Փհենչհանում հայտնել են Օլիմպիական խաղերի կազմկոմիտեում:
Նշվում է, որ վերջերս հոսպիտալացվել է ավելի քան 30 նոր հիվանդ: Հիվանդացածների թվում մարզիկներ եւ արտասահմանյան պատվիրակությունների անդամներ չկան: Ավելի վաղ հաղորդվել է նորովիրուսով 194 վարակվածների մասին, որի հիմնական նշաններն են սաստիկ փսխումը եւ փորլուծը:
Վարակման նոր դեպքերն արաձանագրվել են Փհենչհանում եւ Քանինում Խաղերն սպասարկող անձնակազմի տեղավորման կենտրոններում: Օլիմպիական խաղերի բացման նախաշեմին, որը կայացել է փետրվարի 9-ին, վիրուսի ակտիվ տարածման հետեւանքով շուրջ 1,2 հազար պահապաններ հեռացվել են պարտականությունների կատարումից, նրանց ուղարկել են կարանտին: Նրանց փոխարինել են զինծառայողները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: