Իսրայելացիների գրեթե կեսը հանդես է գալիս Նաթանյահուի պաշտոնաթողության օգտին
Իսրայելացիների գրեթե կեսը գտնում է, որ վարչապետ Բենիամին Նաթանյահուն պետք է թողնի իր պաշտոնն այն բանից հետո, երբ ոստիկանությունը պահանջել է նրան մեղադրանքներ առաջադրել կոռուպցիայի համար:
Այդ մասին վկայում է, հարցումը, որն անցկացվել է տեղական հեռուստատեսության Երկրորդ ալիքի կողմից: Հեռուստաալիքի տվյալներով՝ հարցվածների 48 տոկոսը դրական է պատասխանել այն հարցին, թե արդյոք Նաթանյահուն պետք է թողնի իր պաշտոնը, 36 տոկոսը հակառակ կարծիքն ունի, մնացած 16 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Հարցմանը մասնակցել է 598 մարդ: Մինչդեռ Նաթանյահուն փետրվարի 14-ին հայտարարել է, որ իր գլխավորած կառավարական կոալիցիան կայուն է եւ իր նկատմամբ հետաքննվող գործերի վերաբերյալ ոստիկանության հանձնարարականների կապակցությամբ վաղաժամկետ ընտրությունների անցկացման պլաններ չկան:
«Հավաստիացնում եմ՝ կոալիցիան կայուն է, ոչ ոք ընտրությունների անցկացման պլաններ չունի,- ասել է նախարարների կաբինետի ղեկավարը հեռուստաուղերձի ընթացքում:- Մենք հանուն Իսրայելի քաղաքացիների բարօրության կշարունակենք աշխատել մինչեւ ժամկետի ավարտը (լրանում է 2019 թվականին)»: Իսրայելի ոստիկանությունը պնդում է, որ վարչապետ Բենիամին Նաթանյահուին պետք է մեղադրանքներ առաջադրվեն կաշառակերության եւ վստահության կորստի երկու դեպքերի կապակցությամբ:
Ոստիկանները Նաթանյահուի գործը հետաքննել են 14 ամիս եւ հայտարարել, որ իրենք բավականաչափ ապացույցներ ունեն՝ մեղադրանքներ առաջադրելու կաշառքի ու «նվերների գործով» եւ «Եդիոթ Ահրոնոթի գործով» վստահության կորստի կապակցությամբ:
Հետաքննության վարկածով՝ առաջին դեպքում վարչապետն արժեքավոր նվերներ է ստացել գործարարներից, երկրորդ դեպքում «Եդիոթ Ահրոնոթի» հրատարակիչ Առնոն Մոզեսի հետ համաձայնության է եկել, որ նա տեղեկատվական աջակցություն ապահովի քաղաքական նպատակների հասնելու համար: Պետական դատախազները կվերլուծեն ապացույցները եւ կորոշեն, թե հարկ կա արդյոք մեղադրանքներ առաջադրելու Բենիամին Նաթանյահուին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: