
Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն ու Գրիշա Վիրաբյանը այսօր կառերեսվեն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «2004 թվականին ՀԺԿ նախկին համակիր Գրիշա Վիրաբյանի խոշտանգման գործով այսօր առերեսում տեղի կունենա Գրիշա Վիրաբյանի եւ Երեւանի նախկին ոստիկանապետ, այժմ ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող Աշոտ Կարապետյանի միջեւ:
Այս տեղեկությունը «Ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց Վիրաբյանը: «Շատ հանկարծակի եղավ այս որոշումը եւ ինձ համար շատ անսպասելի: Ինձ զանգեցին եւ տեղեկացրին, որ դատախազությունը պահանջում է առերեսում իրականացնել»,- ասաց Վիրաբյանը: Աշոտ Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը տեղյակ չէ առերեսման մասին, որեւէ ծանուցում չի ստացել:
«Ես վատառողջ եմ մի քիչ, տանն եմ ու տեղյակ չեմ»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ իրեն ոչ մի բան չի կաշկանդում: «Եթե առերեսում է նախատեսված, ես պատրաստ եմ, ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- ասաց նա»: