Ինչպե՞ս ստիպել քաղաքային ծառայություններին աշխատել

Եթե ձեր տան առջեւ ճանապարհը սառել է կամ ձեր ավտոմեքենայի շուրջբոլորը ձնապատ է, իսկ համապատասխան քաղաքային ծառայություններն իրենց գործը չեն կատարում, ապա գոյություն ունի խնդիրը կարգավորելու հեշտ ու արագ ճանապարհ:

Մոսկվայի բնակիչները բացահայտել են, որ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի անունը վրան գրելուց հետո խնդրահարույց սառույցը կամ ձյունն անմիջապես վերացվում են:  Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Ընդհանրապես, Ալեքսեյ Նավալնիի անունը վերջին շրջանում Ռուսաստանի իշխող վերնախավում միայն նյարդային արձագանք է առաջացնում՝ հատկապես հաշվի առնելով ընդդիմադիր գործչի վերջին հետաքննությունը, որը բացահայտում է, ինչպես է ՌԴ բարձրաստիճան պաշտոնյա, փոխվարչապետ Սերգեյ Պրիխոդկոն ժամանակ անցկացնում միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի անձնական զբոսանավի վրա, միլիարդատիրոջ եւ նրա էսկորտ ծառայության աղջիկների, մասնավորապես, Նաստյա Ռիբկա մականունով մարմնավաճառի հետ:

Հատկանշական է նաեւ, որ այս պատմությունը կարող է ունենալ նաեւ լուրջ քաղաքական հետեւանքներ: Մասնավորապես, լրատվամիջոցների հաղորդմամբ այդ օրերին Դերիպասկային խորհրդատվություններ էր տալիս նաեւ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Փոլ Մանաֆորդը, իսկ օլիգարխ Դերիպասկան փոխվարչապետ Պրիխոդկոյի հետ ոչ միայն վայելում էին ժամանցն էսկորտի աղջիկների հետ, այլեւ՝ քննարկում ռուս-ամերիկյան հարաբերությունների հետ կապված խնդիրներ: Հիշեցնենք, Փոլ Մանաֆորդին ԱՄՆ-ում արդեն մեղադրանք է առաջադրվել հատուկ Ռուսաստանի միջամտությունը ուսումնասիրող Մյուլլերի քննաչակ խմբի կողմից:

Պատմության բոլոր դերակատարներից մեկնաբանություններ է տալիս միայն Նաստյա Ռիբկան, մինչդեռ Դերիպասկան փորձել է հետաքննության տեսահոլովակն արգելափակել դատարանի միջոցով, հայտնելով, որ այն իր անձնական կյանքի դրվագներին է վերաբերում:

Տեսանյութեր

Լրահոս