«ԱՄՆ-ն «մատի թեթև շարժումով» կարող է լուրջ դժվարություններ ստեղծել այս երկրներում»
«Եթե նման պատժամիջոցների հնարավորության մասին հայկական կողմին տեղեկացրել են Նահանգներից, նշանակում է, որ Ադրբեջանին ևս տեղեկացրել են և այս երկրների դեմ ԱՄՆ-ն պատժամիջոցների այլ փաթեթ է նախատեսել, քանի որ արգելել զենք գնել հնարավոր չէ, բայց ԱՄՆ-ն իր հարուստ լծակներով կարող է այս երկրների համար թեթև պատժամիջոցների փաթեթներ սահմանել` սահմանափակելով ռուսական զենքի մուտքը տարածաշրջան, ըստ էության ժամանակի ընթացքում կողմերն իրենք կխուսափեն սպառազինություն ձեռք բերել Ռուսաստանից, քանի որ Միացյալ Նահանգները կարող է լուրջ ֆինանսական դժվարություններ ստեղծել այս երկրներում «մատի թեթև շարժումով»»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով տեղեկատվությանը, որ ԱՄՆ-ն ծանուցել է ՀՀ կառավարությանը ՌԴ ռազմա-արդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին:
Նրա գնահատմամբ, սա շատ ավելի համակարգային քաղաքականություն է, քան թվում է, որովհետև ԱՄՆ-ի ծրագիրը հաջողության դեպքում կիջեցնի տարածաշրջանում ռազմականացման մակարդակը, քանի որ ներկայումս այն շատ բարձր է, բայց դա ամեևին չի նշանակում, որ կողմերը կմոտենան կարգավորմանը, այստեղ բաց կառաջանա և ռազմական, և դիվանագիտական, և քաղաքական:
«Փաստորեն Նահանգները նպատակ ունի այդ բացը լցնել ոչ թե սպառազինության վաճառքով, այլ դիվանագիտական ակտիվությամբ կամ կարգավորման նոր ծրագրերով, այս տարածաշրջանում իր ներկայության ընդլայնմամբ: Այսինքն` այս հակառուսական պատժամիջոցների օգնությամբ Նահանգները ոչ միայն Ռուսաստանին զսպում է մի շարք ուղղություններով, որոնք են Սիրիան, Ուկրաինան, այլև ԼՂ հակամարտությունը և այն կետերը, որոնցում Ռուսաստանը ակտիվ և հաջողակ խաղացող է»,- ասել է ֆելգենգաուերը:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: