
Ամերիկացիների գրեթե 70 տոկոսը հավատում է արտերկրային քաղաքակրթությունների գոյությանը. հարցում

Ավելի ու ավելի շատ ամերիկացիներ են հավատում արտերկրային քաղաքակրթությունների գոյությանը, ինչի մասին վկայում է Marist Institute for Public Opinion հետազոտական ծառայության նոր հարցախույզը։
Այդ տվյալների համաձայն՝ այլմոլորակային քաղաքակրթությունների գոյությանը հավատում է հարցման մասնակիցների 68 տոկոսը: 2005 թվականին նրանք 52 տոկոս էին:
Բացի դրանից, հարցվածների երեք քառորդը կարծում է, որ այլմոլորակցիները զարգացած են ոչ պակաս, քան երկրաբնակները, նրանց 46 տոկոսը կարծում է, որ նրանք Երկրի բնակիչներին գերազանցում են իրենց զարգացմամբ: Կեսից ավելին (55 տոկոսը) համոզված է, որ այլմոլորակայինները մեզ կգտնեն ավելի շուտ, քան մենք նրանց:
Հետազոտությունը կատարվել է հունվարի 29-31-ը, դրան մասնակցել են 1003 չափահաս ամերիկացիներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: