Խորագիր:

Կայացել է Արցախի Ազատամարտիկների միության 7-րդ համաժողովը. նախագահ է վերընտրվել Սամվել Կարապետյանը

Կայացել է Արցախի Ազատամարտիկների միության 7-րդ համաժողովը. նախագահ է վերընտրվել Սամվել Կարապետյանը

Ստեփանակերտում փետրվարի 14-ին կայացել է Արցախի Ազատամարտիկների միության (ԱԱՄ) 7-րդ համաժողովը, որին մասնակցել են 308 պատվիրակներ մայրաքաղաքից և հանրապետության բոլոր շրջաններից:

Համաժողովի մեկնարկին դահլիճ են բերվել Արցախի Հանրապետության և ԱԱՄ դրոշները:

Համաժողովին ներկա է գնտվել նաև Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, ով հանդես է եկել ողջույնի խոսքով: Նախագահն ընդգծել է միության տեղն ու դերը Արցախի պատմության մեջ՝ նշելով, որ կազմակերպությունը ստեղծվել է մեզ պարտադրված պատերազմի բոհում, երբ մեր ժողովրդի, պետության գոյության հարցն էր դրված:

«Այսօր Արցախի ազատամարտիկների միությունը մեր երկրի ամենամեծ ու ազդեցիկ հասարակական կազմակերպություններից մեկն է, որի կազմում ընդգրկված է հայրենիքի պաշտպանների մի լայն զանգված՝ մարդիկ, ովքեր ներկայացնում են հասարակության տարբեր շերտեր ու սերունդներ: Իր գործունեության բոլոր տարիների ընթացքում Ազատամարտիկների միությունն ակտիվորեն ներգրավված է եղել հարազատ ժողովրդի պաշտպանության գործընթացում: Երկրին սպառնացող ցանկացած վտանգի դեպքում ազատամարտիկներն անմիջապես մեկնում են ճակատ, կանգնում զինվորների կողքին՝ անտեսելով տարիքը, երբեմն էլ՝ առողջական խնդիրները»,- նշել է Բակո Սահակյանը՝ հավելելով, որ պետությունը կանի հնարավորը միությանը սատարելու և աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ:

Համագումարին ընթերցվել է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձը, որը մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել համագումարին ներկա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Արցախը դարձավ մեր նորագույն պատմության Հայոց բերդը, հայ ժողովրդի պատվախնդրության, տոկունության և հաղթանակի խորհրդանիշը: Ուղիղ 30 տարի առաջ արցախցին ոտքի կանգնեց՝ շտկելով իր մեջքը, պահանջեց ազատություն՝ մերժելով իրեն պարտադրված օտար լծի կապանքները: Այսօր, դիմելով Արցախի հերոսամարտը կերտած մեր եղբայրներին և քույրերին, պետք է շեշտեմ՝ արցախցին իր տունն է պաշտպանել և հենց դրա շնորհիվ հաղթանակած է դուրս եկել մարտի դաշտից»,- նշվում է ՀՀ Նախագահի ուղերձում:

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն էլ ասել է, որ միության անդամների ուսերին է դրված հայրենիքի պաշտպանի ծանր առաքելությունը: «Ձեր գործադրած ջանքերի շնորհիվ արցախահայությունը ազատվեց ցեղասպանության կապանքներից: Ձեզ փառք և պատիվ, իսկ մեր ընկած տղաների շիրիմներին խունկ, աղոթք և օրհնություն»,- նշել է Պարգև Սրբազանը:

«Արցախի հերոս», «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, ԱԱՄ նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն էլ իր ելույթում նշել է, որ անցած երեք տարիների գործունեությունը եղել է արդյունավետ, որի ընթացքում միության շարքերը համալրվել են 2531 ազատամարտիկներով և այսօրվա դրությամբ ունեն շուրջ 12370 անդամ:

«Շնորհիվ պետական, բարեգործական և այլ անհատական միջոցների՝ հավաքվել և ամրապնդվել է միության ֆինանսական հնարավորությունները: Միայն անցած 3 տարիների ընթացքում կազմակերպության հաշվեհամար է փոխանցվել 4 միլիոն 550 հազար դոլլար, որից շուրջ 4 միլիոն 430 հազարը ծախսվել է վարչության կողմից մշակված և ընդունված տարբեր ծրագրերի իրականացման համար: Միությունը, իրականացրած գործընթացներին զուգահեռ, բավականին արդյունավետ գործունեություն է ծավալվել նաև Բանակի և հասարակական կազմակերպությունների ու ուսումնական հաստատությունների փոխադարձ համագործակցության շրջանակում»,- ասել է Ս. Կարապետյանը:

Համագումարին ներկայացվել է նաև ԱԱՄ վարչության և վերահսկիչ հանձնաժողովի մասին հաշվետվության, ԱԱՄ և վերահսկիչ հանձնաժողովի ընտրության մասին հարցերը: Քննարկված հարցերի վերաբերյալ ներկայացվել է նախագիծ, որի որոշումն ընդունվել է միաձայն:

Ընտրվել է նաև 27 անդամից բաղկացած վարչության կազմը, իսկ միության նախագահ է վերընտրվել Սամվել Կարապետյանը:

Համաժողովին ներկա էին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, միության անդամներ, հյուրեր և այլք:

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-28
Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։