
«Չեմ կարծում, որ 2005 թվականին «Լիվերպուլը» մտածել է այդ մասին 1/8 եզրափակչից առաջ». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Պորտուի» դեմ կայանալիք խաղի սպասումներով:
«Հաջող օրերին մենք իսկապես ուժեղ ենք, բայց «Պորտուի» հետ մենք պետք է անհավանական ուժեղ լինենք, որպեսզի հասնենք հաջողության: Դա փորձառու, ֆիզիկապես պինդ, չոր թիմ է: Լավ ֆուտբոլիստներով և խաղային պլանով: Այնպես որ, խնդիրն այդքան էլ հեշտ չէ:
Կարո՞ղ է արդյոք «Լիվերպուլն» այս տարի կրկնել 2005-ի ձեռքբերումը: Ես չեմ կարծում, որ 2005 թվականին թիմը մտածել է այդ մասին 1/8 եզրափակչից առաջ: Կզարմանամ, եթե նրանք մտածել են այդ մասին: Կարող եմ հարցնել Բենիտեսին: Դա անմտություն է: Ես գաղափար չունեմ: Իհարկե, եթե մենք հասնենք եզրափակիչ, ապա կաշխատենք հաղթել այն: Բայց առջևում երկար ժամանակ կա: Ես պատասխանում եմ այս հարցին, որովհետև ընկերասեր մարդ եմ: Եթե ինձ հարցնում են հաջորդ ռաունդի մասին մասնավոր զրույցում, ես սովորաբար դուրս եմ գալիս սենյակից: Ես այդպես չարեցի միայն նրա համար, որ մենք ուղիղ եթերում ենք»,- ասել է Կլոպը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը