
«Իսրայելում վաղաժամկետ ընտրությունների անցկացման պլաններ չկան». Նաթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն փետրվարի 14-ին հայտարարել է, որ իր գլխավորած կառավարական կոալիցիան կայուն է եւ իր նկատմամբ հետաքննվող գործերի վերաբերյալ ոստիկանության հանձնարարարկանների կապակցությամբ վաղաժամկետ ընտրությունների անցկացման պլաններ չկան։
«Հավաստիացնում եմ՝ կոալիցիան կայուն է, ոչ ոք ընտրությունների անցկացման պլաններ չունի,- ասել է նախարարների կաբինետի ղեկավարը հեռուստաուղերձի ընթացքում, որը հեռարձակվել է Իսրայելի հիմնական հեռուստաալիքներով:- Մենք հանուն Իսրայելի քաղաքացիների բարօրության կշարունակենք աշխատել մինչեւ ժամկետի ավարտը (լրանում է 2019 թվականին)»:
Մինչդեռ Իսրայելի ոստիկանությունը պնդում է, որ վարչապետ Բենիամին Նաթանյահուին պետք է մեղադրանքներ առաջադրվեն կաշառակերության եւ վստահության կորստի երկու դեպքերի կապակցությամբ:
Ոստիկանները Նաթանյահուի գործը հետաքննել են 14 ամիս եւ հայտարարել, որ իրենք բավականաչափ ապացույցներ ունեն՝ մեղադրանքներ առաջադրելու կաշառքի ու «նվերների գործով» եւ «Եդիոթ Ահրոնոթի գործով» վստահության կորստի կապակցությամբ: Հետաքննության վարկածով՝ առաջին դեպքում վարչապետն արժեքավոր նվերներ է ստացել գործարարներից, երկրորդ դեպքում «Եդիոթ Ահրոնոթի» հրատարակիչ Առնոն Մոզեսի հետ համաձայնության է եկել, որ նա տեղեկատվական աջակցություն ապահովի քաղաքական նպատակների հասնելու համար:
Նաթանյահուն արդեն ժխտել է բոլոր կասկածանքները՝ «ոչինչ չի պատահի, որովհետեւ ոչ մի նման բան չի եղել» բառերով: Պետական դատախազները կվերլուծեն ապացույցները եւ կորոշեն, թե հարկ կա արդյոք մեղադրանքներ առաջադրելու Բենիամին Նաթանյահուին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: