«ՆԱՏՕ-ն պաշտպանում է Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումը». Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի ղեկավարությունը պաշտպանում է Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումը եւ կարծում է, որ դա եվրոպացի դաշնակիցներին մոտիվացնում է, որպեսզի նրանք իրենք էլ ավելի մեծ ջանքեր գործադրեն ռազմական ոլորտում: Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
2017 թվականի հունվարին ԱՄՆ-ը եվրոպացի դաշնակիցներին ցուցաբերվող ռազմական օգնության ծրագիրը պաշտոնապես վերանվանել է «Զսպման եվրոպական նախաձեռնություն»: Ծրագիրը ենթադրում է Եվրոպայի երկրներում Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի՝ երեքից մինչեւ հինգ հազար զինծառայողների ծավալում՝ տեխնիկայով եւ սարքավորմամբ:
«Մենք ողջունում ենք Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության հետագա ընդլայնման պլանները ինչպես անձնակազմի ու զորավարժությունների տեսքով, այնպես էլ տեխնիկայի… Դա եվրոպացիների համար ավելին անելու դրդիչ գործոն է»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Դրա հետ մեկտեղ Ստոլտենբերգը նշել է, որ ԱՄՆ-ի ներկայության ընդլայնումն ընթանում է եվրոպացիների կողմից ռազմական ոլորտում սեփական ջանքերի մեծացմանը զուգահեռ:
Փետրվարի 14-ին եւ 15-ին Բրյուսելում ընթանում է դաշինքի երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ ԱՄՆ-ը մտադիր է ավելի քան 200 մլն դոլար ծախսել ամերիկյան այն ավիաբազաներում ռազմական օբյեկտների եւ սպառազինությունների վերականգնման եւ արդիականացման համար, որոնք առավելապես տեղաբաշխված են Արեւելյան Եվրոպայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: