
Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի ազատամարտիկների միության 7-րդ համաժողովին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 14-ին մասնակցել է Արցախի ազատամարտիկների միության 7-րդ համաժողովին:
Իր խոսքում Նախագահն ընդգծել է միության տեղն ու դերն Արցախի Հանրապետության պատմության մեջ՝ նշելով, որ կազմակերպությունը կարեւոր առաքելություն է իրականացնում մատաղ սերնդի հայեցի դաստիարակության ուղղությամբ, ակտիվորեն մասնակցում է հանրապետության հասարակական կյանքին, աջակցում զոհված եւ վիրավոր զինծառայողների ընտանիքների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանը:
«Իր գործունեության բոլոր տարիների ընթացքում Ազատամարտիկների միությունն ակտիվորեն ներգրավված է եղել հարազատ ժողովրդի պաշտպանության գործընթացում: Երկրին սպառնացող ցանկացած վտանգի դեպքում ազատամարտիկներն անմիջապես մեկնում են ճակատ, կանգնում զինվորների կողքին՝ անտեսելով տարիքը, երբեմն էլ՝ առողջական խնդիրները»,-նշել է Նախագահ Սահակյանը՝ հավելելով, որ պետությունը կանի հնարավորը միությանը սատարելու եւ աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: