«Թուրքն ինչ ասում է, հենց այնպես չէ. մենք պետք է պատրատվենք ռեալ մարտերի». Վովա Վարդանովը՝ Ալիևի հայտարարությունների մասին
«Դուք նայեք, թե ո՞վ է Իլհամ Ալիևը. նա Ադրբեջանի նախագահն է, բայց, բացի դրանից՝ նա գլխավոր հրամանատարն է, նա զորավար է, նա ընդհանուր Մերձկասպյան թուրքերի գլխավոր հրամանատարն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը՝ խոսլեով Ադրբեջանի նախագահի վերջին՝ Երևանը գրավելու վերաբերյալ արած հայտարարության մասին:
Վ. Վարդանովի խոսքով՝ Իլհամ Ալիևի հայտարարություններն ինչքան էլ ուղղված լինեն իր ներքին լսարանին, նա հաշվի է առնում մարտական զորքերի իրավիճակը, թե իր հայտարարություններն ինչ ազդեցություն կարող են ունենալ հակառակորդ բանակի հրամանատարության և Զինված ուժերի վրա.
«Եթե նախկինում նա հայտարարում էր, որ Երևանը թուրքական քաղաք է, նա ընդամենը շեղում էր մեր Զինված ուժերի ուշադրությունն Արցախի ուղղությունից: Փաստորեն, ապրիլը ցույց տվեց, որ նա հենց շեղող հայտարարություններ էր անում: 1992 թվականի սկզբին մենք սկսեցինք պարբերաբար խոսել Շուշին գրոհելու մասին, մենք դա հասցնում էինք թուրքական ղեկավարությանը, տեղական մարմիններին, հետո խոսում էինք Խոջալուի մասին, անընդհատ խոսում էինք, բայց չէինք հարձակվում: Այդ խոսակցությունները բերեցին նրան, որ Խոջալուի հարձակումից առաջ թուրքերը, փորձելով կանխել այդ հարձակումը՝ հարձակվեցին Քարին տակի վրա: Այժմ նրա մոտ մեզ շեղելը չստացվեց, հիմա, երբ ինքը Երևանի և Սևանի անունն է տալիս, նշանակում է՝ ռեալ ու հավանական է դառնում Նախիջևանի և Գեղարքունիքի ուղղություններից հարձակումները»:
Վ. Վարդանովի կարծիքով՝ թուրքերը մասնակի պատրաստ են հարձակումների. «Նախիջևանը պատանդ իրավիճակից թուրքերի օգնությամբ այնքան է հզորացել, որ շատ վտանգավոր է դարձել հարձակողական մարտերի համար: Նա ունի հարձակողական մեծ պոտենցիալ, ունի բավականին հզոր տանկային խումբ, անձնակազմը 15 հազարից ավելի է: Իրենք՝ լինելով ուժեղ հարձակողական ուժի տեր Նախիջևանի բանակում, մեկ է, մնում են պատանդ իրավիճակում: Նախիջևանը ոչնչացնելու համար մեր անձնակազմն ընդամենը պետք է պատրաստվի հարձակողական մարտերի: Թուրքն ինչ ասում է, հենց այնպես չէ, դա միայն դեմագոգիա չէ, մենք պետք է պատրաստվենք ռեալ մարտերի»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: