Բոլորի դերերը կանխատեսելի էին. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ակնհայտ է, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքական պայքարի ոճն է ամեն տեղ եւ ամեն ինչից սկանդալ սարքելը: Նույնիսկ վրացի սահմանապահների հետ են հաջողացրել դա անել, չնայած նրանք, պետք է ենթադրել, չեն ենթարկվում Հայաստանի իշխանություններին:

Ավագանու նիստերն էլ այդ առումով աշխույժ են անցնում՝ հուրախություն մեզ՝ լրագրողներիս: Այս անգամ կուսակցության ստեղծագործ միտքը գնաց գարշահոտ շշերի ուղղությամբ: Դրանք պետք է հանձնվեին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, քանի որ Նուբարաշենի խճուղու բնակիչներն ապրում են գարշահոտության մեջ` հարեւանությամբ գտնվող Նուբարաշենի բանտի կոյուղաջրերը հոսում են այդ տարածքում բնակվողների շենքերի տակ: Եվ դա փաստ է:

Եկեք մտավոր փորձարկում կատարենք եւ ենթադրենք, որ գարշահոտ շշերը կհայտնվեին Տարոն Մարգարյանի սեղանին: Ի՞նչ էր դրան հետեւելու: Ինձ թվում է` ոչ մի բան: Բայց դա «Ծիրանիի» հաշվարկների մեջ ակնհայտորեն չէր մտնում, որովհետեւ սկանդալն այսպիսով կավարտվեր: Բայց աղջիկները գիտեն, թե ում հետ գործ ունեն, գիտեն, թե ովքեր են նրանց ընդդիմախոսները: Իսկ այդ ընդդիմախոսներն առաջնորդվում են ոչ թե քաղաքական հաշվարկներով, այլ «քուչի տղերքի» տրամաբանությամբ՝ «ո՞նց թե, արա, դու մեր շեֆին բա՞ն ես ասում»: Եվ քանի որ ամեն ինչ տեղի է ունենում «շեֆի» ներկայությամբ, ապա պարզ է, որ քաղաքապետից ոտից գլուխ կախման մեջ գտնվող այդ «տղերքը» ցույց կտային իրենց ամբողջական «հմայքը»:

Կողմերը խաղացին այդ «շոու»-ում իրենց՝ միանգամայն կանխատեսելի դերերը: Այդ ամբողջ աղմուկը, սակայն, որեւէ ձեւով չի նպաստում նրան, որ մարդիկ Նուբարաշենում այլեւս չապրեն գարշահոտության մեջ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս