
Ոստիկանությունը պնդում է, որ Իսրայելի վարչապետին պետք է մեղադրանքներ առաջադրվեն

Իսրայելի ոստիկանությունը պնդում է որ վարչապետ Բենիամին Նաթանյահուին պետք է մեղադրանքներ առաջադրվեն կաշառակերության եւ վստահության կորստի երկու դեպքերի կապակցությամբ: Այդ մասին հայտնել են Channel 2 եւ Channel 10 հեռուստաալիքները:
Ոստիկանները Նաթանյահուի գործը հետաքննել են 14 ամիս եւ հայտարարել, որ իրենք բավականաչափ ապացույցներ ունեն՝ մեղադրանքներ առաջադրելու կաշառքի ու «նվերների գործով» եւ «Եդիոթ Ահրոնոթի գործով» վստահության կորստի կապակցությամբ:
Հետաքննության վարկածով՝ առաջին դեպքում վարչապետն արժեքավոր նվերներ է ստացել գործարարներից, երկրորդ դեպքում «Եդիոթ Ահրոնոթի» հրատարակիչ Առնոն Մոզեսի հետ համաձայնության է եկել, որ նա տեղեկատվական աջակցություն ապահովի քաղաքական նպատակների հասնելու համար:
Նաթանյահուն արդեն ժխտել է բոլոր կասկածանքները՝ «ոչինչ չի պատահի, որովհետեւ ոչ մի նման բան չի եղել» բառերով: Պետական դատախազները կվերլուծեն ապացույցները եւ կորոշեն, թե հարկ կա արդյոք մեղադրանքներ առաջադրելու Բենիամին Նաթանյահուին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: