
Սահակաշվիլին կշարունակի հանրահավաքներ կազմակերպել Ուկրաինայում

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին, որին նախօրյակին Ուկրաինայից արտաքսել են Լեհաստան, փետրվարի 13-ին Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ մտադիր է շարունակել հանրահավաքներ կազմակերպել Ուկրաինայում եւ հնարավորություն կգտնի անձամբ մասնակցել դրանց։
«Մենք մեր ընկերների հետ միասին բողոքի զանգվածային ակցիաներ կկազմակերպենք Ուկրաինայում եւ խաղաղ ճանապարհով օլիգարխներին կհեռացնենք իշխանությունից: Երբ մեր թիվը հասնի միլիոնի, Ուկրաինայի իշխանությունների հետ ոչ ոք հաշվի չի նստի: Այս շարժումն ընդլայնվելու է: Ես կգտնեմ Ուկրաինայի տարածքում ֆիզիկապես դրան միանալու պահը»,-հայտարարել է քաղաքական գործիչը:
Նա նաեւ ասել է, թե մտադիր է տեսնվել ընտանիքի հետ: «Ես Նիդեռլանդներում իմ ընտանիքի հետ տեսնվելու պլաններ ունեմ, իսկ հետո շրջագայելու եմ ամբողջ Եվրոպայում եւ զբաղվելու եմ քաղաքական գործունեությամբ»,-ասել է Սահակաշվիլին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: