
«Մեր ասելիքը եղել է շատ կոշտ». Արամ Մանուկյանը՝ ՀԱԿ-ի և Արմեն Սարգսյանի հանդիպման մասին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ 168.am-ը ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է անցել ՀԱԿ-ի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումը:
Ի պատասխան՝ Ա. Մանուկյանն ասաց, որ հանդիպումը տևել է մեկուկես ժամ. «Հանդիպումը եղել է նրա խնդրանքով, հանդիպմանը մենք ներկայացրել ենք մեր ասելիքը: Մեր ասելիքը եղել է շատ կոշտ, որ ինքը 20 տարի չի արտահայտել որևէ կարծիք այն հարցերի շուրջ, ինչով Հայաստանը տառապում է այսօր՝ Ղարաբաղ, կոռուպցիա, արտագաղթ, կեղծված ընտրություններ, և չի եղել որևէ արձագանք Արմեն Սարգսյանի կողմից: Մենք նրան ասացինք, որ սա հրապարակվելու է:
Որքան էլ ինքը լավ գիտնական և լավ մարդ լինի, այնուամենայնիվ, ինքը ոչ լեգիտիմ կառույցի կողմից է առաջադրվում, և մենք այն քաղաքական ուժն ենք, որ պառլամենտական ընտրությունների արդյունքները չենք ճանաչել, ու, բնականաբար, չճանաչած մարմնի նախագահի ընտրությունը մենք համարում ենք ընդամենն օգնություն Սերժ Սարգսյանին՝ այս չար ծրագրերի իրագործմանը»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: