Սահակաշվիլին կոչ է արել Մերկելին և ԵՄ-ին՝ օգնել իրեն դիմակայելու Կիևի իշխանություններին
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին կոչով դիմել է ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելին եւ Եվրամիությանը՝ օգնել իրեն դիմակայելու Ուկրաինայի իշխանություններին եւ նախագահ Պյոտր Պորոշենկոյին։
«Եթե Եվրոպական միությունը եւ, ամենից առաջ, կանցլեր Անգելա Մերկելը ոչինչ չձեռնարկեն, Ուկրաինան կքանդվի,-հայտարարել է նա փետրվարի 13-ին հրապարակված հարցազրույցում, որը նա տվել է Bild տաբլոիդին:-Պորոշենկոն քանդում է այդ երկիրը, նա ցանկանում է որքան կարելի է հեռու քշել ինձ, քանի որ ես պայքարում եմ կոռուպցիայի դեմ»: Սահակաշվիլին պատմել է, որ «Կիեւում ենթարկվել է դիմակավոր մարդկանց հարձակման, որոնք բռնել են իրեն, սպառնացել եւ մասնավոր ինքնաթիռով տեղափոխել Լեհաստան»:
«Այդ ակցիայի հետեւում կանգնած է Ուկրաինայի կոռումպացված նախագահ Պորոշենկոն»,-պնդել է նա: Միաժամանակ Սահակաշվիլին նշել է, որ ցանկանում է վերադառնալ Ուկրաինա: «Խոշոր ցույցեր են պլանավորված, եւ ես Ուկրաինա կվերադառնամ օրինական ճանապարհով»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: