Ան-148-ի կործանման վայրում ավարտվում է որոնողական գործողությունը
Մերձմոսկվայի Ռամենսկոյե շրջանում Ան-148 մարդատար ինքնաթիռի կործանման վայրում ավարտվում է որոնողական գործողությունը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Մոսկվայի մարզի գլխավոր վարչության պետ Սերգեյ Պոլետիկինը:
«Որոնողական գործողությունը եզրափակիչ փուլում է»,- ասել է նա: «Այժմ շեշտը դրվում է Միջազգային ավիացոն կոմիտեի եւ Հետաքննչական կոմիտեի հետ աշխատանքի վրա՝ կապված օդանավի բեկորների տեղափոխման հետ»,- հայտնել է Պոլետիկինը: Նա ճշտել է, որ ինքնաթիռի բոլոր բեկորները կուղարկվեն Ժուկովսկի: Նշվել է, որ ավիաաղետի վայրում հայտնաբերվել է զոհվածների ավելի քան 1,4 հազար մարմնամաս եւ օդանավի շուրջ 500 բեկոր: Ան-148 մարդատար ինքնաթիռը, որը Մոսկվայից ուղեւորվել էր Օրսկ, փետրվարի 11-ին կործանվել է մերձմոսկովյան Ռամենսկոյե շրջանում:
«Ռոսավիացիայի» տվյալներով՝ անձնակազմի հետ կապը կորել է «Դոմոդեդովո» օդանավակայանից թռչելուց մի քանի րոպե անց: Ինքնաթիռում գտնվող բոլոր 65 ուղեւորները եւ անձնակազմի վեց անդամները զոհվել են: Միջադեպը հետաքննում է ՌԴ Քննչական կոմիտեի կենտրոնական աշխատակազմը: Քննարկվում են պատահարի բոլոր վարկածները, հիմնականներն են՝ եղանակային պայմանները, մարդկային գործոնը եւ տեխնիկական անսարքությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: